Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը:

«Ահաբեկչության դեմ պայքարն անմիջականորեն իրականացնող սուբյեկտների և պետական կառավարման համակարգի մարմինների գործողությունների համակարգումը, հակաահաբեկչական գործողության օպերատիվ շտաբի ձևավորումը վերապահվել է ՀՀ կառավարությանը, իսկ հակաահաբեկչական գործողության օպերատիվ շտաբի ընդհանուր ղեկավարումը՝ ՀՀ վարչապետին»,- նշեց որոշման նախագիծը ներկայացնող ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

Նշվեց նաեւ, որ հակաահաբեկչական գործողության օպերատիվ շտաբի ձևավորումը պայմանավորված է լինելու հակաահաբեկչական գործողություններին անհապաղ արձագանքելու հրամայական անհրաժեշտությամբ (դրանով է պայմանավորված նաև շտաբի անվանման մեջ օպերատիվության մասին շեշտադրումը):

Իսկ կառավարությունը բոլոր դեպքերում չէ, որ կկարողանա անհրաժեշտ օպերատիվությամբ նիստ գումարել և որոշում ընդունել: Ուստի հակաահաբեկչական գործողության օպերատիվ շտաբի ձևավորման լիազորությունը անհրաժեշտ է վերապահել Հայաստանի Հանրապետության վարչապետին: