ՀՀ Պաշտպանության նախարարությունն ամեն ինչ անելու է, որպեսզի «Ես եմ» ծրագրից զորակոչվողները կարողանան օգտվել արդեն առաջիկա` 2017թ. ձմեռային զորակոչի ընթացքում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, Կառավարության նիստում նշել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը` ներկայացնելով «2017թ. ձմեռային զորակոչը կազմակերպելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

«Պաշտպանության նախարարությունն ամեն ինչ անելու է, որպեսզի առաջիկայում օրենքի ընդունման պարագայում` քառօրյա նիստի ժամանակ, հասցնի ներդնի «Ես եմ» ծրագրի մեխանիզմները, ենթաօրենսդրական ակտերը և ըստ ցանկության առաջնագիծն ընտրող մեր հայրենակիցները կարողանան օգտվել ծառայության այն նոր տեսակից, որն առաջարկել ենք ու լայն քննարկումներ անցկացրել», - ասաց նա:

Կառավարությունը հավանություն տվեց ներկայացված նախագծին:

Վիգեն Սարգսյանի խոսքով, նախագծով սահմանվում են պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայության 2017 թվականի ձմեռային զորակոչի կազմակերպման ու անցկացման, զորակոչի ապահովման գործընթացում պետական ու տարածքային կառավարման մարմինների գործողությունների հետ կապված հարաբերութունները:

Նշենք, որ 2017 թվականի ձմեռային զորակոչն անցկացվելու է 2017 թվականի նոյեմբերից մինչև 2018 թվականի հունվար ամիսներին: