Իհարկե, ակնկալիքներն ավելի մեծ էին: Այս մասին Business FM-ի հետ հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ ի պատասխան այն հարցին, թե արդարացվեցի՞ն Մաքսային միության անդամակցությունից ակնկալիքները:

«Այն իրավիճակը, որ ստեղծվել է համաշխարհային տնեսության մեջ, նվազեցրել է Եվրասիական միությանը մեր անդամակցությունից ակնկալվող արդյունքը: Սակայն, ցանկացած դեպքում, արդյունքն ակնհայտ է»,- ասել է նախագահը՝ նշելով, որ ռուսական դեւալվացիան ձախողեց Հայաստանի եկամուտները:

«Այստեղ ամենագլխավորը ռուբլու կայունությունն է: Այն մեր գյուղատնտեսական արտադրանքի իրացման երաշխիքն է, որովհետեւ պայմանագրերն, այնուամենայնիվ, ոչ միշտ են ռուբլով կնքվում, գործարարն այստեղ իր տնտեսությունը դրամով է վարում: Ե՛վ ռուբլին, ե՛ւ դրամը կապված են դոլարի հետ»:,- նշել է ՀՀ նախագահը:

Միեւնույն ժամանակ, Սերժ Սարգսյանը նշել է, որ այս ժամանակահատվածում դրամի դեւալվացիա չի եղել. «Մեր տնտեսությունը փոքր է, եւ, հնարավոր է, ավելի հեշտ է այս հարցերը լուծել: Եթե մենք կարողանանք մոտ ժամանակում մեր արտահանումը ներմուծմանը մոտեցնել, այսինքն՝ ինչ-որ հավասարակշռման բերել, ապա մեզ մոտ, իհարկե, մշտապես կայուն կլինի: Սակայն դրա համար պետք է մեծ ջանքեր գործադրել: Չէ՞ որ մենք գազը գնում են ո՛չ ռուբլով եւ ո՛չ էլ դրամով, այլ դոլարով, իսկ բնակչությանը դրամով ենք վաճառում: Իսկ հետո այս դրամը փոխարկում ենք դոլարի եւ «Գազպրոմին» փոխանցում: Սա նշանակում է, որ մենք պետք է կոնյակը, լոլիկը, վարունգը դոլարով վաճառենք, որ այն հետո Հայաստան բերենք եւ այդ դոլարները գազի դիմաց վճարենք»:

Նախագահի խոսքով՝ ժամանակին շատերն էին կասկածում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցում, սակայն մեծ մասը չէր կասկածում: «Ուստի անհրաժեշտություն չի առաջանում խոսել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության ճիշտ լինելու մասին, ինչի մասին են վկայում նաեւ արդյունքները: Մենք ճիշտ ընտրություն ենք կատարել, եւ առաջին արդյունքները տեսնում ենք: Առաջին՝ 2016 թվականից սկսած մեզ մոտ տնտեսական վիճակը կայունացել է: Ճիշտ է՝ փոքր, բայց աճ է եղել: Այս տարվա 8 ամիսների ընթացքում ՀՆԱ մոտ 5 տոկոս աճ ունենք: Անցյալ տարի ինչպես Ռուսաստան, այնպես էլ ԵՏՄ երկրների շուկաներ արտահանվող ապրանքի մատակարարման մեծ աճ ենք ունեցել, եւ 2017-ի 8 ամիսների արդյունքներով, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, մենք 34 տոկոսից փոքր-ինչ ավելի աճ ունենք, երրորդ երկրների հետ ԵՏՄ անդամ երկրների փոխադարձ ապրանքաշրջանառությունը աճել է ավելի քան 25 տոկոսով»: