«ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այսօր՝ նոյեմբերի 2-ին, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանից հետաքրքրվեց՝ արդյոք համայնքների խոշորացման գործընթացով հնարավոր կլինի համայնքների հավասարաչափ զարգացումը, արդյոք մարզպետների ինստիտուտը, գործառույթը մնալու է նույնը:
«Համայնքների խոշորացման հիմքում դրված են բազմաթիվ պարամետրեր: Մենք վախենում էինք, որ քնեցինք ու վեր կացանք ու ստեղծեցինք համայնք, որն ունի 9 հազար բնակչություն: Փորձի,կառավարման պակասի խնդիր ունենք՝ ինչպես կառավարենք խոշորացված համայնքը, որպեսզի քաղաքապետը չնստի ասենք Նոյեմբերյանում, այլ մեկ այլ տեղում: Այս տարբերակը էֆեկտիվ է, եթե որպես պետություն օժանդակության չափը մեծացնենք այդ համայնքների»,-ասաց նա:
Անդրադառնալով մարզպետների գործառույթներին նշեց. «Մարզպետարաններ պետք է ունենանք, տվյալ տարածաշրջանում ցանկացած պրոբլեմի համար մենք մարզպետին ենք հանձնարարություն տալիս եւ պատասխանատվություն պահանջում, բայց իրավունքների տեսակետից շատ քիչ իրավասություններ ունեն նրանք: Բավարար է 5 խելացի համայնքապետ եւ նախարար ունենանք եւ մարզպետները շատ փոքր գործառույթ կունենան»:




























