ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 2-ին, ստորագրել է հրամանագիր ձմեռային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին:

Հրմանագրում, մասնավորապես, ասվում է.

«Հիմք ընդունելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ եւ «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածները` որոշում եմ.

1. 2017 թվականի նոյեմբեր - 2018 թվականի հունվար ամիսներին անցկացնել Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական եւ այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաեւ այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

2. Ապահովել այլընտրանքային աշխատանքային ծառայության կազմակերպումը եւ իրականացումը:

3. 2018 թվականի հունվար ամսին զորացրել սահմանված ժամկետում պարտադիր զինվորական եւ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:

4. Այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` սույն հրամանագիրն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում ընդունել հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում:

6. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»: