«Խոսրովի անտառի» հրդեհման պատճառների վերաբերյալ Բնապահպանության եւ Արտակարգ իրավիճակների նախարարությունների մոտեցումները տարբեր չեն եղել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, Ազգային ժողովում լրագրողներին ասել է բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
«Ես ասել եմ եւ շարունակում եմ պնդել, որ տեղի ունեցածը բնական երեւույթի արդյունք չէ: Ես նկատի ունեմ, որ դա կայծակի կամ ամպրոպի հետեւանք չէ, այնպիսի բնական երեւույթի հետեւանք չէ, որը կարող էր առաջացնել հրդեհ: Չի բացառվում, որ տեղի ունեցածը կարող է մարդկային կամ տեխնածին լինել»,- ասաց Մինասյանը:
Դիտարկմանը, թե ԱԻ նախարարը կարծում է, որ անփութությունն է եղել հրդեհի պատճառը, Արծվիկ Մինասյանն այսպես արձագանքեց. «Քրեական գործը հարուցված է, ընթացքի մեջ է: Այդ հարցերի պատասխանը հստակ կտա քննությունը»:
Մինասյանն ասաց, որ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հետ իրենք հրաշալի աշխատում են եւ պետք չէ փորձել տարաձայնություններ փնտրել երկու գերատեսչությունների ղեկավարների միջեւ: «Եզրակացությունը, պատճառահետեւանքային կապը քննության արդյունքները ցույց կտան: Բերեք բաժակ չնայենք: Դուք հարցեր եք տալիս, որոնք այսօր նախաքննական մարմնի կողմից որպես վարկածներ կարող են քննվել»:




























