«Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանիn այսօր՝ նոյեմբերի 2-ին, տեղափոխեցին քաղաքացիական հիվանդանոց: Նրա համար Երեւանի ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան «Սասնա ծռեր» խմբի գործով նիստի ժամանակ շտապօգնություն էր հրավիրվել ։ Հայտարարված ընդմիջումից հետո նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ Կարո Եղնուկյանն իրեն վատ է զգում, նրա ճնշումը 220/120 է, խնդրել է նիստն առանց իրեն անցկացնել։ Սակայն նրա շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը հայտարարեց, որ բժիշկներն ասել են, թե նրան անհապաղ պետք է տեղափոխել հիվանդանոց, ինչի համար պետք է դատավորի թույլտվությունը։ Հայտարարվեց 5 րոպե ընդմիջում, որից հետո դատարանը տեղեկացրեց, որ Կարո Եղնուկյանին պետք է տեղափոխել հիվանդնաոց։
NEWS.am-ի հետ զրույցում Տիգրան Հայրապետյանը նշեց, որ իր պաշտպանյալին տեղափոխել են Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց, նա այս պահին վերակենդանացման բաժանմունքում է՝ արյան բարձր ճնշմամբ:
Նշենք, որ շտապօգնություն հրավիրվել էր նաեւ «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող Խաչատուր Գիչյանի համար։ Դատավորը տեղեկացրեց, որ նրա ճնշումը եղել է 240/140, սակայն ներկա պահին որքան է՝ բժիշկները չէին գրանցել։
Նշենք, որ Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Խաչատուր Գիչյանի ինքնազգացողությունը մեկ անգամ էլ էր վատացել , նրան տեղափոխել էին քաղաքացիական հիվանդանոց: Շտապօգնության բժիշկը հայտնել էին, որ Գիչյանը սրտի հետ կապված խնդիրներ ունի եւ երկար ժամանակ չի օգտագործել անհրաժեշտ դեղորայքը եւ այդ պատճառով էլ վիճակը վատացել է:



























