ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ Արարատի մարզում: Նախարարը, նրան ուղեկցող աշխատանքային խումբը, որի կազմում եղել է նաեւ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը, ԱՄՆ ՄԶԳ «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում եւ համագործակցություն» (ԳԱՏՕ) ծրագրի մասնագետները հետեւել են Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների խնայողությանն ուղղված միջոցառումների ընթացքին, ծանոթացել դրանց իրականացման  արդյունքում արձանագրված դրական տեղաշարժերին:

Աշխատանքային խմբի առաջին կանգառն եղել է Սայաթ-Նովա համայնքում, որտեղ հետեւել է «Գոլդն Ֆիշ-Կ» ՍՊԸ (նախկին` «Յունիֆիշ» ՍՊԸ) ձկնաբուծական տնտեսության խորքային հորի չափաբերման, փականային ռեժիմի բերման եւ կապարակնքման աշխատանքների ընթացքին:

Հայանիստ համայնքում նախարարին է ներկայացվել  ԱՄՆ ՄԶԳ «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում եւ համագործակցություն» (ԳԱՏՕ) ծրագրի շրջանակներում ձկնաբուծարանից հեռացվող ջուրը ոռոգման նպատակով օգտագործելու համար կառուցված պոմպակայանի աշխատանքները եւ պիլոտային ծրագրի իրականացման արդյունքները: Ծրագրի մասնագետները հայտնել են, որ պոմպակայանի շահագործման արդեն առաջին տարում ոռոգվել է 40 հա տարածք, որը նախկինում հնարավոր չի եղել ոռոգել: Պոմպակայանի ջրերով հնարավոր է ոռոգել 80 հա հողատարածք, ինչը կարվի արդեն հաջորդ տարի: Ձկնաբուծարանի հետադարձ ջրերի որակը ստուգվել է երկու անգամ՝ ծրագրի նախագծման փուլում (2016թ. փետրվար) եւ նախքան ոռոգման շրջանը (2017թ. ապրիլ): Նմուշները ստուգվել են 38 չափանիշներով, ներառյալ՝ հիմնական ֆիզիկական եւ քիմիական պարամետրերը եւ ծանր մետաղները:

Ստացված արդյունքները համեմատվել են ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կողմից ոռոգման ջրի համար սահմանված ցուցանիշների հետ: Ստուգումներ են կատարվել նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության լաբորատորիայում պտուղ-բանջարեղենային մթերքների համար սահմանված հիմնական ցուցանիշներով: Համաձայն տրված եզրակացության, սեխի ու ձմերուկի փորձարկված նմուշները համապատասխանում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված սննդի անվտանգության նորմերին: Ծրագրի վերաբերյալ իրենց գոհունակությունը հայտնեցին նաեւ 40 հա հողատարածը ոռոգած գյուղացիները:

Ըստ նախարարի, Եթե ձկնաբուծարանների օգտագործած ջուրը նաեւ ոռոգման նպատակով երկրորդային օգտագործվի, ապա կխնայվի 70 մլն մ3 ջուր, որը յուրաքանչյուր տարի բաց է թողնվում Սեւանա լճից Արարատյան դաշտի գյուղատնտեսական հողերը ոռոգելու նպատակով:

ՀՀ Արարատի մարզի Սիփանիկ համայնքում ՀՀ բնապահպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը ծանոթացել է ԳԱՏՕ ծրագրի կողմից 2017թ. իրականացված  մեկ խորքային հորի լուծարման աշխատանքների արդյունքներին, ինչով տարեկան խնայվել է 1.9 մլն մ3 ջուր եւ չորացվել է դեռեւս 1970-ական թվականներից գործող վթարային հորի շուրջ ձեւավորված ճահճուտը:

Նախարարը ծանոթացել է նույն համայնքում գործող «Ինտեր ակվա» ՍՊԸ ձկնաբուծական տնտեսությունում գործածվող ջրախնայող նորագույն տեխնոլոգիաներին: Ա. Մինասյանը նկատել է, որ ջրի օգտագործման կիսափակ այդ համակարգը, խորքային ջրերի խնայողությանն ուղղված միջոցառումներից մեկն է, ինչը թույլ է տալից ընդերքից վերցված միավոր ջրով ավելի շատ ձուկ աճեցնել` բացառելով արտադրության աճի համար լրացուցիչ ջրառը:

Պատասխանելով Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների խնայողության ուղղությամբ գերատեսչության կատարած այլ քայլերի վերաբերյալ լրագրողների հնչեցրած հարցերին` ՀՀ բնապահպանության նախարարը նշել է, որ խնդիր է դրված հստակ ամրագրել Արարատյան դաշտի խորքային ջրային ռեսուրսների օգտագործվող ծավալները:

Ճշգրտման կարիք ունի նաեւ «Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքով սահմանված Արարատյան դաշտի 1100,0 մլն մ³ /տարի վերականգնվող ստորերկրյա ջրային ռեսուրսների ծավալը, քանի որ այն դեռեւս խորհրդային տարիներին իրականացված ուսումնասիրությունների արդյունք է:  Այդ խնդիրները լուծելու նպատակով շրջակա միջավայրի պահպանության ոլորտում լիազոր գերատեսչությունն իրականացնում է գործնական քայլեր` ներգրավում դրամաշնորհային միջոցներ: Այդ նպատակով բոլոր ձկնաբուծական տնտեսություններում առաջիկայում կներդրվի ավտոմատ կառավարման հոսքաչափական համակարգ: Այն յուրաքանչյուր ցանկացողի հնարավորություն կտա առցանց հետեւել ձկնաբուծարանների կողմից` այդ պահին օգտագործվող ջրի ծավալներին: Համակարգը կդյուրինացնի հատկապես Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի վերահսկողական գործառույթի իրականացումը:

Ա. Մինասյանը հայտնել է, որ ավտոմատ կառավարման հոսքաչափեր առաջիկայում տեղադրվելու են 4 խոշոր` «Մաքս ֆիշ», «Ինտեռ Ակվա», «Գոլդ Ֆիշ-Կ» եւ «Ալեքս հոլդինգ» ձկնաբուծական տնտեսություններում եւ նախատեսվում է մինչեւ 2019 թվականի ավարտը համակարգի մեջ ներառել բոլոր տնտեսությունները: Հոսքաչափերի ներկրման ոլորտում բացառվելու է մենաշնորհը եւ ներկրող ընկերությունները պետք է պատասխանատվություն կրեն թե´ տեղադրման, թե´ հետագայում սպասարկման ծառայությունների համար: Հոսքաչափերը տեղադրվելու են պետության կողմից եւ տնտեսվարողների ցանկությամբ դրանք կարող են ձեռք բերվել սեփական միջոցներով` հետագայում ներդրած գումարը պետությանը փոխանցվող իրենց շահութահարկից հետ ստանալու պայմանով: