ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նոյեմբերի 2-ին ընդունել է ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքային օրենսգրքի նախատեսված փոփոխությունները, աշխատանքային իրավունքների պաշտպանությանն ուղղված գործընթացները:

Նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրել է ներկայում շրջանառության մեջ դրված աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների հիմնական ուղղությունները՝ նշելով, որ փոփոխությունների հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումն է, ինչպես նաեւ սոցիալական գործընկերության զարգացման հենքի վրա գործատուի եւ աշխատողի իրավունքների, պարտականությունների արդյունավետ հավասարակշռումը:

Հանդիպմանը քննարկվել են նաեւ աշխատանքային իրավունքների պաշտպանության նկատմամբ տեսչական մարմինների վերահսկողութան որոշ հարցեր:

ԵՄ պատվիրակության ղեկավարը աշխատանքի ոլորտում իրականացվող բարեփոխումների գործընթացում համագործակցության եւ հետագա աջակցության պատրաստակամություն է հայտնել: