Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ գրքեր հրատարակած Ստամբուլի «Արաս» հրատարակչությունը «Անատոլիայի մշակույթ» ՀԿ–ի նախագահ եւ գործարար Օսման Քավալայի կալանավորման հետ կապված հայտարարություն է տարածել։
«Արաս» հրատարակչության տարածած հայտարարության մեջ նշվել է, որ Օսման Քավալան իր ամբողջ կյանքը նվիրել է Թուրքիայում հանուն ժողովրդավարության պայքարին, ժողովուրդների միջեւ խաղաղությանը, արդարությանն ու ազատություններին։
«Մենք խստորեն դատապարտում ենք Օսման Քավալայի կալանավորումը, պահանջում ազատ արձակել նրան եւ վերջ դնել երկրում հակաժողովրդավարական գործողություններին»,–նշվել է հայտարարության մեջ։
Օսման Քավալան Թուրքիայի հայտնի իրավապաշտպաններից է։ Նա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ջատագովներից է։ Նրա կողմից կազմակերպվել են հայ-թուրքական հաշտեցմանն ուղղված բազմաթիվ միջոցառումներ Թուրքիայում։ Քավալան բազմաթիվ անգամ եղել է Հայաստանում։
Ստամբուլում նրան պատկանող հրատարակչությունում տպագրվել են Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ գրքեր, իսկ նրան պատկանող «Ջեզաիր» ռեստորանում կազմակերպվել են Հայոց ցեղասպանությանը նվիրված քննարկումներ ու սգո միջոցառումներ։
Նրա հիմնադրած «Անատոլիայի մշակույթ» (Anadolu kultur) ՀԿ-ն ֆինանսավորում է Թուրքիայի ազգային փոքրամասնությունների մշակույթի եւ իրավունքների հետ կապված բազմաթիվ նախագծեր։
Նա մեղադրվում է գյուլենականների հետ կապ ունենալու մեջ։



























