Թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովն իր արտահերթ նիստում արգելել է Գորիսի զարգացման հիմնադրամին մինչեւ Գորիսում քաղաքապետի ընտրությունների ավարտը երթեւեկության անվճար ծառայություններ մատուցել, քանի որ այդ հիմնադրամը ասոցացվում է թեկնածուներից մեկի՝ Առուշ Առուշանյանի անվան հետ:

Թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովը քննարկել է Գորիս համայնքի ղեկավարի թեկնածու Սամվել Հարությունյանի դիմումը, որով պահանջվում է անվավեր ճանաչել մրցակից Առուշ Առուշանյանի գրանցումը՝ որպես Գորիս համայնքի ղեկավարի թեկնածու: Ըստ Սամվել Հարությունյանի՝ իր մրցակիցը «Գորիսի զարգացման հիմնադրամի անունից, սոցիալապես ծանր վիճակում գտնվող հազարավոր գորիսեցիների բարեգործություն անելու անվան տակ, հիսուն դրամանոց ընտրակաշառք ծառայություն է մատուցում ընտրողներին», որի հետեւանքները հնարավոր չեն վերացնել, եւ դրանք ազդելու են ընտրությունների արդյունքների վրա:

Այս առնչությամբ, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Գորիս համայնքի ղեկավարի թեկնածու, Գորիսի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Առուշ Առուշանյանը գրանցումը անվավեր ճանաչելու պահանջը անհիմն որակեց՝ նշելով. որ անվճար երթեւեկություն իրականացնող միկրոավտոբուսները սեփականության իրավունքով պատկանում են իր քրոջ ամուսնուն Հովիկ Ճաղարյանին, ով բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում եւ բարեգորածական նկատառումներով ուղարկել է Գորիս եւ ինքն էլ հանդիսանում է «Գորիսի զարգացման հիմնադրամ» բարեգործական կազմակերպություն ստեղծելու նախաձեռնողը:

«Եթե Սամվել Հարությունյանը ազնիվ գտնվեր, ապա նաեւ կնշեր, որ տարբեր հարցազրույցների ընթացքում ընդգծել եմ, որ իմ ընտանիքի անդամները ոչ միայն հանրային տրանսպորտի անվճար լինելու հարցում են ներդրումներ կատարել, նաեւ բազմաթիվ այլ ծրագրեր են իրականացվել՝ տարիներ շարունակ: Այն ժամանակ ես քաղաքականության մեջ չեմ եղել եւ Գորիսում իմ ընտանիքի անդամների կողմից արվող ներդրումները շարունակական են եղել միշտ՝ առանց դադարի»,-ընդգծեց Առուշանյանը:

Նրա խոսքով, միայն վերջին երկու տարում միլիոնավոր ներդրումներ են արվել ենթակառուցվածքների զարգացման, վերակառուցման, սոցիալական ծրագրերի իրականացման գործում. «Բայց Սամվել Հարությունյանը այդ մասին չի շեշտում, ավելին՝ հիսուն դրամանոց ընտրակաշառք բաժանելու նրա հայտարարությունը ես վիրավորանք եմ համարում ընտրողների հանդեպ: Մեր ընտրազանգավածը չափազանց գիտակից է, քան Հարությունյանն է կարծում: Այլ հարց է, որ զուգադիպել է նախընտրական շրջանին իսկ այդ առումով թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովը կայացրել է իր որոշումը»,-ասաց Առուշանյանը:

Հիշեցնենք , որ հանձանժողովը գտել է, որ հիմնադրամի անվանումը ասոցացվում է Առուշանյանի անվան հետ, ուստի որոշել է, որ մինչեւ ընտրությունների քվեարկության ավարտը՝ 05.11.2017թ. ժամը.20:00-ը, նշված անվանմամբ բարեգործություն չի կարող իրականացնել, հետեւաբար Գորիս համայնքում դադարեցվում է երթեւեկության անվճար ծառայությունների մառուցումը: