Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը՝ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանի գլխավորությամբ, հոկտեմբերի 25-26-ը մասնակցել է «Մաքսային ծառայություն 2017» միջազգային ցուցահանդեսին:

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այն անց է կացվում Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում արդեն 18-րդ անգամ: Ցուցահանդեսը համախմբել է ոչ միայն Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների պատվիրակություններին, այլեւ ՌԴ-ում այլ երկրների հավատարմագրված մաքսային կցորդներին եւ Համաշխարհային մաքսային կազմակերպության պատվիրակությանը՝ գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիայի գլխավորությամբ: Հայաստանի մաքսային ծառայության տաղավարն այցելուների ուշադրությունը հատկապես գրավել է վերջերս արդիականացված սահմանային անցակետերով եւ առեւտրի «մեկ պատուհան» ընթացակարգով:

ՌԴ մաքսային ծառայության ղեկավար Վլադիմիր Բուլավինի եւ առաջին տեղակալ Ռուսլան Դավիդովի հետ երկկողմ հանդիպումներին հայաստանյան գործընկերները ներկայացրել են հայ-վրացական արդիականացված սահմանային անցումային կետերում կատարված աշխատանքները, դրանց արդյունքում արձանագրված դրական ցուցանիշները, ինչպես նաեւ ապրանքաշրջանառության եւ ուղեւորների փոխադրման ծավալի աճի մասին վիճակագրական տվյալներ: ՊԵԿ պատվիրակությունը նկարագրել է նաեւ «մեկ պատուհան» ազգային ծրագրի առանձնահատկությունները, տնտեսվարողի եւ, ընդհանուր առմամբ, բիզնես միջավայրի վրա դրա ունեցած դրական ազդեցությունը, որն արտահայտվում է ապրանքների արագ փոխադրմամբ եւ մաքսային ձեւակերպումների վրա ծախսվող ժամանակահատվածի կրճատմամբ:

ՀՀ մաքսային ծառայության պատվիրակությունն ընդգրկվել է նաեւ «Մաքսային ծառայությունը բիզնեսի եւ պետության համար» խորագրով լիագումար նստաշրջանում, որին մասնակցում էին ՀՄԿ գլխավոր քարտուղարը, ԵՏՄ անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարները, ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, պաշտոնատար այլ անձինք: Նստաշրջանի ավարտին ներկայացվել է «Արտաքին տնտեսական գործունեության բարեխիղճ մասնակիցների խարտիայի հավանության մասին» հայտարարությունը:

Ցուցահանդեսի ընձեռած հնարավորություններն առավել արդյունավետ օգտագործելու համար կողմերը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել բիզնեսի ներկայացուցիչներին նմանատիպ միջոցառումներում ավելի շատ ներգրավելու, նրանց հետ անմիջական երկխոսություն հաստատելու ուղղությամբ:

«Մաքսային ծառայություն 2017» միջազգային ցուցահանդեսն անց է կացվում մաքսային ծառայողի օրվան ընդառաջ, որը Ռուսաստանում նշվում է հոկտեմբերի 25-ին: Այն հարթակ է տրամադրում ԵՏՄ անդամ երկրներին՝ ներկայացնելու մաքսային ծառայությունների վերջին տարիների ձեռքբերումները, բարեփոխումները եւ նոր ծրագրերը: