Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով ամբաստանյալ Գեւորգ Սաֆարյանի համար այսօր` նոյեմբերի 3-ին, կրկին հանրային պաշտպան ներգրավվեց:
Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող արտագնա նիստի մեկնարկին նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը հայտնեց, որ Սաֆարյանի համար որպես պաշտպան ներգրավվում է հանրային պաշտպան Աննա Ջուվանովան: Դատավորի գնահատմամբ, Սաֆարյանի պաշտպան Տիգրան Եգորյանը չարաշահել է իր դատավարական իրավունքները եւ հրաժարվում է մասնակցել նիստերին: Նշենք, որ Եգորյանն այսօր գրություն էր ուղարկել դատարան` հայտնելով, որ առողջական խնդիրներ ունի եւ նիստին մասնակցել չի կարող: Այս գրությունը, սակայն, Տաթեւիկ Գրիգորյանը հաշվի չառավ ու Ջուվանովային ներգրավեց` որպես պաշտպան: Գեւորգ Սաֆարյանն առարկեց այդ որոշմանը:
«Իմ պաշտպանության իրավունքն ինձ է պատկանում, բացի Տիգրան Եգորյանից ուրիշ ոչ մեկին չեմ լիազորում իրականացնել իմ պաշտպանությունը: Իմ պաշտպանական իրավունքն ինձ է պատկանում, ոչ թե դատարանին»,- հայտարարեց ամբաստանյալը:
Նստած հայտարարություն անելու համար դատավորը Սաֆարյանի նկատմամբ դատական սանկցիա կիրառեց` հեռացնելով նիստերի դահլիճից:
Դատական նիստը շարունակվում է:



























