Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստում այսօր` նոյեմբերի 3-ին, հարցաքննվեց վերջին վկան` Հովհաննես Մինասյանը:

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում պայմանագրային զինծառայող Հովհաննես Մինասյանը պատմեց, որ ամբաստանյալներից ճանաչում է Ժիրայր Սեֆիլյանին` որպես ազգային հերոս:

«Գիտեմ, որ էդ մարդիկ պայքարի էին դուրս եկել ազնիվ ճանապարհով, բայց նրանց թույլ չէին տալիս: Իրենք ուզում էին, որ ժողովուրդը լավ ապրի, դրա համար խաղաղ հանրահավաքներ էին կազմակերպում, որոնց մասնակցում էինք: Իմ սրտով չի, որ նման տղերքին` Սեֆիլյանին, Պավլիկ Մանուկյանին, Արայիկ Խանդոյանին, դատապարտում են, նրանք կռվել են, հող են ազատագրել»,- ասաց վկան:

Նշենք, որ Հովհաննես Մինասյանն այն երեք անձանցից մեկն է, որոնք ըստ մեղադրանքի` 2015թ. ապրիլի 7-ին վաղ առավոտյան բերման են ենթարկվել «Հիմնադիր խորհրդարանի» գրասենյակ համարվող բնակարանից: Վկան պատմեց, որ այդ օրն այդ բնակարան են գնացել ինչ-որ մեկի առաջարկով, քանի որ գիշերելու տեղ չեն ունեցել:

«Առավոտ վեցին եկան ինչ-որ մարդիկ, խուզարկության թղթերը ցույց տվեցին, հետո սաղ հավաքեցին, տարան, համակարգչից բռնած սաղ տարան, մի երկու հատ էլ էն խաղալու փետերից կային, դրանք էլ տարան: Բայց էդ փետերն օգտագործման ենթակա չեն եղել, դրանցով չես կարա կռիվ անես»,- հարցաքննության ժամանակ ասաց վկան:

Մեղադրող Պետրոս Պետրոսյանի հարցին` որեւէ առնչություն տեսնում է «Հիմնադիր խորհրդարանի» կողմից կազմակերպվող միջոցառումների եւ սահմանային լարվածության միջեւ, վկան բացասական պատասխան տվեց: Մեղադրողի միջնորդությամբ` դատարանը հրապարակեց Հովհաննես Մինասյանի նախաքննական ցուցմունքը, քանի որ կան էական հակասություններ:

Ըստ հրապարակված նախաքննական ցուցմունքի` վկային այդ բնակարանում գիշերելու մասին ասել է Պավլիկ Մանուկյանը: Հովհաննես Մինասյանը նշել է նաեւ, որ մտահոգություն է ունեցել` «Հիմնադիր խորհրդարանի» անդամներն իրենց գործողություններով կարող են վնաս հասցնել սահմաններին: Նա նաեւ խոսել էր խուզարկության մասին, նշել, թե ինչ իրեր են հայտնաբերել այդ բնակարանում:

Ցուցմունքը հրապարակելուց հետո Հովհաննես Մինասյանը հայտարարեց, որ ինքը չէր կարող այդքան երկար ցուցմունք գրել, ապա տեսնելով փաստաթուղթը` նշեց, որ իր ձեռագիրը չէ:

«Քննիչն է գրել, իմ ձեռագիրը չէ, ես մենակ ստորագրել եմ... մեզ առավոտ վեցից տարել են բաժին, որտեղ հեռախոսներն անջատել էին, ոչ մեկս իրավունք չուներ էդտեղից դուրս գալ: Կեսօրից հետո արդեն մեզ Քննչական կոմիտե են տարել, որտեղ վեց ժամ պահել են: Գերու իրավիճակում էի ինձ զգում, ես ասում էի, քննիչը գրում էր, հետո մի երկու տող կարդացել եմ ու ստորագրել... էդքան ժամ որ էդտեղ ես լինում, ուզում ես շուտ պրծնել ու փախնել»,- ասաց Հովհաննես Մինասյանը:

Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանի հարցին` զանգվածային անկարգությունների մասին կոչեր լսել է ինքը, վկան բացասական պատասխան տվեց: «Սխալ ա ըտենց տղու դատելը»,- ասաց նա ու հեռացավ նիստերի դահլիճից:

Տիգրան Հայրապետյանը հայտարարեց, որ վկայի հայտարարության հիման վրա պետք է քրեական գործ հարուցվի: Նշենք, որ Հովհաննես Մինասյանի նախաքննական ցուցմունքում նշված էր, որ նա ձեռագիր է ցուցմունքը գրելու, մինչդեռ դատարանում հայտարարեց, որ իր ձեռագիրը չէ: Դատավորը հորդորեց Հայրապետյանին ցանկության դեպքում հաղորդում ներկայացնել: