Ռուսաստանում ամերիկյան հյուպատոսությունը վերսկսել է վիզաների տրամադրումը, որը ժամանակավորապես դադարեցվել էր այս տարվա օգոստոսի վերջին, փոխանցում է «Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայությունը:
Իհարկե, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում եւ Վլադիվոստոկում դիվանագիտական ներկայացուցչություններն առայժմ մուտքի փաստաթղթեր կձեւակերպեն այն քաղաքացիների համար, որոնք հյուպատոսական ծառայության աշխատակիցների հետ հարցազրույց անցնելու կարիք չունեն:
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան մամուլի քարտուղար Մարիա Օլսոնը պարզաբանել է, որ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքն առաժյմ «սահմանափակ ծավալով է վերսկսվել»: Փաստաթղթեր կարող են ձեւակերպել այն հայտատուները, որոնք նախկինում արդեն ամերիկյան վիզա ստացել են եւ պատրաստվում են այն վերականգնել, ինչպես նաեւ նրանք, ում ԱՄՆ նախորդ վիզայի ժամկետը լրանալու պահից անցել է մեկ տարուց ոչ ավելի:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա օգոստոսի վերջին ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել էր Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում եւ Վլադիվոստոկում հյուպատոսությունների աշխատանքի ժամանակավոր դադարեցման մասին: Նման որոշման գլխավոր պատճառն այն էր, որ ՌԴ իշխանությունները դիվանագիտական առաքելության անդամների թիվը կրճատել էին մինչեւ 455 մարդ: Այս որոշման հետեւանքը դարձավ ոչ ներգաղթային վիզաների ձեւակերպման ժամկետների զգալի մեծացումը:



























