ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է անհատ ձեռնարկատեր Հայկազ Հարությունյանի հացի արտադրամասի գործունեությունը, քանի որ վերահսկողական աշխատանքների արդյունքում պարզվել էր, որ Երեւանում գործող այդ արտադրամասում հացի արտադրությունն իրականացվում էր սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ:

ՍԱՊԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ բացի այդ՝ փաթեթավորված արտադրանքը չի ունեցել մակնշում, իսկ առանց փաթեթավորման հացը՝ տեղեկատվական թերթիկ, հացի եւ հացաբուլկեղենի տեղափոխումն իրականացվել է ոչ համապատասխան փոխադրամիջոցով: Անհատ ձեռնարկատեր Հայկազ Հարությունյանը պարտավորվել է համապատասխանեցնել արտադրամասի սանիտարահիգիենիկ վիճակը սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգին եւ վերացնել մակնշման խախտումները: Տրվել է ժամանակ:

Միաժամանակ, արդեն վերացվել են Վանաձորում  գործող «ՍԻՍ-13» առեւտրային կազմակերպության հանրային սննդի օբյեկտում հատնաբերված խախտումները. վերանորոգվել եւ պատշաճ վիճակի է բերվել խոհանոցը, առանձնացվել է համապատասխան  տարածք  աշխատանքային  գործիքների  եւ  պարագաների լվացման, ախտահանման եւ  պահպանման  համար, սարքավորումներն արդեն ունեն  համապատասխան  վկայական, տնտեսվարողը  կնքել  է դերատիզացիայի  պայմանագիր: Հաշվի առնելով կատարված փոփոխությունները՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը չեղարկել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցնելու մասին որոշումը: