Ճապոնիայում նոյեմբերի 3-ը արդեն ավելի քան 100 տարի տոն է համարվում: Սկզբում ճապոնացիներն այս օրը նշում էին Ճապոնիայի 122-րդ կայսր Մեյձիի տարեդարձը: 20-րդ դարի կեսին նոյեմբերի 3-ը սկսեցին նշել որպես մշակույթի օր: Այս օրը համաժողովրդական հանգստյան օր է, երբ ճապոնացիները նախընտրում են թանգարաններ, ցուցահանդեսներ, պատկերասրահներ այցելել (ֆոոռեպորտաժ):
Նոյեմբերի 3-ին Երեւանում «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ ճապոնական այս հրաշալի տոնին՝ մշակույթի օրվան նվիրված միջոցառում:
Նախ միջոցառման հյուրերին ներկայացվեցին տոնի պատմությունն ու բովանդակությունը: Այնուհետեւ տեղի ունեցավ լեզվաբան, պատմաբան, թարգմանիչ, ավելի քան 40 գրքերի հեղինակ ու համահեղինակ Արծվի Բախչինյանի՝ «Հայ-ճապոնական պատմական եւ մշակութային հարաբերություններ» գրքի ոչ պաշտոնական շնորհանդեսը: Տնտեսագիտության թեկնածու, V.Ann ոսկերչական ընկերության հիմնադիր Աննա Վարդանյանը գիրքը ներկայացնելիս նշեց, որ գրքում արտացոլված է հարաբերությունների լայն սպեկտոր, գիտական եւ մշակութային կապերը, ներկայացված են 2 ժողովուրդների հարաբերությունների մասին բազմաթիվ հետաքրքիր փաստեր, օրինակ՝ երբ է առաջին անգամ հայերեն գրվել «Ճապոնիա» բառը, ինչպես է հայ եպիսկոպոսը Ճապոնիա ուղեւորվել քրիստոնեություն քարոզելու: «Ճապոնիան իմ սրտում մեծ տեղ է գրավում»,- հայտարարեց ինքը՝ գրքի հեղինակը եւ հավելեց, որ այն պատրաստելու համար 10 տարուց ավելի է պահանջվել: Սակայն Արծվի Բախչինյանը մտադիր է գիրքը լրացնել հետագայում եւս եւ հույս ունի, որ այն ճապոներեն եւ անգլերեն կթարգմանվի, ինչը լսարանը կընդլայնի:
IROHA կենտրոնի ղեկավար Ռուզան Խոջիկյանը ներկայացրեց կազմակերպության աշխատանքը, որի գործունեության առաջնահերթ ուղղությունն է ճապոներենի ուսուցումը: Այժմ կենտրոնում 17 խումբ է գործում, որոնցում 61 մարդ է պարապում: Գործում են նաեւ 6-ից մինչեւ 10 տարեկան փոքրիկների խմբեր: Կենտրոնը ճապոնական մշակույթն է քարոզում, նշում ճապոնական ավանդական տոները: Միջոցառման մասնակիցներին առաջարկված ճապոներենի ոչ մեծ վիկտորինան դահլիճում մթնոլորտն աշխուժացրեց:
Սակայն առավել դիտարժան էին Հայաստանի Կենդոյի ֆեդերացիայի սաների՝ Սոֆի Մուսոյանի եւ Վերժինե Մաթեւոսյանի ելույթները: Ավանդական ճապոնական հանդերձանքով աղջիկները «մարտ» ցուցադրեցին: Սոֆին, որ սենփայի ավագ աշակերտ է, ներկաներին ծանոթացրեց կենդոյի հարվածի 4 տեսակներին: Ճապոնական էթիկետի համաձայն՝ հարվածն ուղեկցվում է բղավոցով, իսկ մինչեւ հարվածելը բղավում են մարմնի այն հատվածի անունը, որին պետք է հարվածը հասցվի՝ գլուխ, ձեռք, փոր, կոկորդ: «Հագուստը ներկված է բնական ինդիգո ներկով: Գույնից բացի, այն ունի նաեւ հակասեպտիկ հատկություններ»,- պարզաբանեց Սոֆին:




























