Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Նյու Դելիում այսօր հանդիպում է ունեցել Հնդկաստանի Հանրապետության փոխնախագահ, խորհրդարանի վերին պալատի նախագահ Վենկայա Նայդուի հետ:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհակալություն հայտնելով բարեկամ Հնդկաստանում իր գլխավորած պատվիրակությանը ջերմ ընդունելության արժանացնելու համար` նախագահը հայ-հնդկական միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում մեծապես կարեւորել է միջխորհրդարանական ակտիվ համագործակցությունը: Ջերմությամբ հիշելով ընթացիկ տարվա գարնանը Հայաստանում Հնդկաստանի նախկին փոխնախագահ Մոհամմեդ Համեդ Անսարիի հետ հանդիպումը եւ հայ-հնդկական հարաբերություններին առնչվող հարցերի արդյունավետ քննարկումը` Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Հայաստան այցելելու հնարավորություն կգտնի նաեւ պարոն Նայդուն, ում` որպես ասիական տարածաշրջանի խորհրդարանական ամենամեծ ժողովրդավարության լուրջ ավանդույթներ ունեցող երկրի փոխնախագահի, սիրով կհյուրընկալեն մեր երկրում: Այդ այցը, Նախագահ Սարգսյանի համոզմամբ, մեծ ազդեցություն կունենա երկկողմ միջպետական կապերի եւ հատկապես խորհրդարանական հարաբերությունների սերտացման գործում:

Փոխնախագահ Նայդուն, ողջունելով բարձրաստիճան հյուրին եւ նրա գլխավորած պատվիրակությանը, նշել է, որ հինավուրց պատմություն եւ հարուստ մշակույթ ունեցող հնդիկ եւ հայ ժողովուրդները քաղաքակրթական ու արժեքային բազմաթիվ ընդհանրություններ եւ սերտ առնչություններ ունեն, նրանք արարող, խաղաղասեր եւ հյուրընկալ են, ուստի անհրաժեշտ է երկուստեք հետեւողականորեն շարունակել դարավոր բարեկամությունը պահպանելու եւ ամրապնդելու ուղղությամբ աշխատանքը, ինչպես նաեւ` միավորելու ջանքերը համամարդկային արդի մարտահրավերների դեմ պայքարում, որոնցից մեկն էլ ահաբեկչությունն է:

Հնդկաստանի Հանրապետության փոխնախագահ, խորհրդարանի վերին պալատի նախագահը եւ Նախագահ Սերժ Սարգսյանը համակարծիք են եղել, որ երկու երկրների հայացքներն ու մոտեցումները համընկնում են նաեւ միջազգային կառույցների, այդ թվում` ՄԱԿ-ի բարեփոխումների անհրաժեշտության հարցում, որպեսզի վերջիններս կարողանան ժամանակի պահանջներին համահունչ արձագանքել մարտահրավերներին:

Նախագահը զրուցակցին տեղեկացրել է, որ Հայաստանի նորընտիր խորհրդարանում արդեն ձեւավորվել է Հնդկաստանի հետ բարեկամության պատգամավորական խումբ եւ հայ-հնդկական կապերի ակտիվացման գործում կարեւոր է համարել ինչպես խորհրդարանական խմբերի, այնպես էլ բարձրաստիճան փոխայցերի հաճախակի կազմակերպումը: Զրուցակիցները երկուստեք տեսակետ են հայտնել, որ միջխորհրդարանական միջազգային հարթակներում եւս երկու բարեկամ երկրների պատվիրակները կարող են հաջողությամբ շարունակել ու խորացնել համագործակցությունը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ երկկողմ առեւտրատնտեսական հարաբերություններին եւ դրանց զարգացման հնարավորություններին, Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակին ու առկա մարտահրավերներին, այդ թվում` ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին: Փոխնախագահ Նայդուն կարեւորել է բոլոր հակամարտությունները բացառապես երկխոսության եւ խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը: