2016-2017 ուսումնական տարվա տվյալներով, Հայաստանում 260 երեխա անավարտ է թողել կրթությունը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ԿԳՆ նախադպրոցական եւ միջնակարգ կրթության քաղաքականության մշակման եւ վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանը:

Նշենք, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել  «Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման, հաշվառման եւ ուղղորդման կարգը», որը նպատակ ունի ապահովել  յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի իրացումը: Հանրային քննարկման արդյունքների ամփոփումից հետո սահմանված կարգով նախագիծը կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը:

ԿՏԱԿ- ի մշակած նոր էլեկտրոնային համակարգն աշխատում է հետեւյալ մեխանիզմով ՝պետական ռեգիստրից վերցվում է տվյալ տարում առաջին դասարան հաճախող երեխաների ծննդյան տվյալները, որոնք ԿՏԱԿ-ին են փոխանցվում մինչեւ տվյալ տարվա օգոստոսի 10-ը: Սեպտեմբերի 1-15-ը այդ տվյալներն համադրվում են փաստացի դպրոց եկած երեխաների տվյալների հետ:

Դպրոցականների տվյալները էլեկտրոնային կառավարման համակարգ են մուտքագրվում դպրոցների կողմից, ինչը հնարավորություն է տալիս ստանալ հստակ տեղեկատվություն դպրոց չհաճախող երեխաների մասին: ԿՏԱԿ-ի մշակած նոր համակարգն այս ուստարում արդեն  փորձարկվել է առաջին դասարանցիների համար:

Ստացված տվյալների համաձայն՝ շուրջ 3000 երեխա առաջին դասարան է հաճախել սահմանված տարիքից ուշ՝ 7 տարեկանում. «Սա նշանակում է, որ 3000 երեխա անցած տարի օրենքով սահմանված ժամկետում չի հաճախել դպրոց: Պատճառն այն է, որ որոշ ծնողներ գտնում են, որ հինգուկես տարեկանը վաղ տարիք է դպրոց հաճախելու համար եւ մեկ տարով հետաձգում են տվյալ գործընթացի մեկնարկը:  Նման դեպքերում խնդիրը, մեր կարծիքով կարող է  լուծում ստանալ բացատրական աշխատանքների շնորհիվ, որը ծնողի  հետ պետք է կատարվի տեղական մարմինների եւ դեպք վարողների հետ, որոնք սոցիալական աշխատողներ են»,- նշել է Ս. Մակյանը՝ հավելելով Հայաստանում կրթությունից դուրս մնացած երեխաների խնդիրը փոխկապակցված է նաեւ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ:

Դիտարկումները ցույց են տալիս, որ դպրոց չհաճախող եւ կրթությունն անավարտ թողած երեխաների մեծ մասը սոցիալական խնդիրներ ունեցող ընտանիքներից են: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը ներկայացրել է սոցիալական դեպք վարողի գործառույթները. «Հանրակրթությունից դուրս մնացած երեխաների խնդիրները շատ տարբեր են՝ սկսած կրոնական եւ ազգային սովորույթներից, վերջացրած կոշիկ կամ հագուստ չունենանալու պատճառները: Լոռու մարզում իրականացված փորձնական ծրագիրը բացահայտել է հիմնական խնդիրները: Սոցիալական աշխատողը պատասխանատու աշխատանք պետք է կատարի յուրաքանչյուր նման  ընտանիքի հետ՝ հասնելով այն նպատակին, որ ընտանիքը երեխային անպայման դպրոց տանի, քանի որ կրթությունը միաժամանակ դիտարկվում է նաեւ աղքատության հաղթահարման հիմնական գործոններից մեկը»,- նշել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը:

ՀՀ առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը անդրադարձել է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների զարգացման գնահատման եւ շեղումների  վաղ հայտնաբերման կարեւորությանը:

Նշենք, որ ներկայացված  «Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման, հաշվառման եւ ուղղորդման կարգի» հիմնական նպատակն է  դպրոցահասակ երեխաների հաշվառման գործընթացի կանոնակարգումը, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, բոլոր պատասխանատու կառույցների եւ շահագրգիռ մարմինների պարտավորությունների իրականացման ապահովումը՝ երեխաների՝ հանրակրթության մեջ ընդգրկման գործընթացում: