Բեռնատարը, որը մեկ մլն դոլարից ավելի արժողությամբ մի քանի միլիոն մեղուների էր տեղափոխում, ԱՄՆ Քալիֆորնիա նահանգում վթարի է ենթաևրրվել, որի հետեւանքով բոլոր մեղուները ոչնչացել են: Այս մասին հայտնում է Fox 40 հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ վթարը տեղի է ունեցել հինգշաբթի գիշերը Օբերն քաղաքում: Բեռնատարի վարորդի խոսքով՝ ճանապարհին երթեւեկությունը կտրուկ կանգնել է, եւ ինքը ստիպված էր ճանապարհից դուրս գալ, որտեղ մխրճվել է ճամփեզրի հողաթմբի մեջ: Մի քանի հարյուր փեթակներն ընկել են գետնին:

Մեղվաբույծ Նեյթան Սմիթի խոսքով՝ քանի որ վթարը տեղի է ունեցել գիշերը եւ անձրեւ է սկսվել, «մեղուներին զսպելու միակ հումանիտար քայլը նրանց սատկացնելն էր՝ օճառաջուր լցնելով:

Մեղուներին Մոնտանա նահանգից Քալիֆորնիայի դաշտավայր էին տեղափոխում, որտեղ նրանք պետք է փոշոտեին նշենիները: Սմիթը հայտնել է, որ մեղուների արժեքը կազմում էր 1-ից մինչեւ 2 մլն դոլար:

Աննշան վնասվածքներ ստացած վարորդին հիվանդանոց են տեղափոխել, հայտնում է հեռուստաալիքը: