Հայաստանում առաջին անգամ կկազմակերպվի դաշտային խոհանոցի միջազգային մրցույթ: Այս մասին նշվել է այսօր՝ նոյեմբերի 4-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի եւ Գերմանական Կարմիր Խաչի Բադեն Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության (ԳԿԽԲՎԵԿ) երկրամասային դպրոցի դոցենտ-փորձագետ, ԱՌՆԱՊ-ԳԿԽԲՎԵԿ համագործակցության պատասխանատու Վոլֆգանգ Շմիդտի հանդիպման ժամանակ:

Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ ԱԻ նախարարության եւ Գերմանական Կարմիր Խաչի Բադեն Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության միջեւ համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Նախնական պայմանավորվածություն ձեռքբերվեց գերմանական կողմի հետ համատեղ 2018թ.-ի դեկտեմբերի 7-ին Սպիտակի երկրաշարժի 30- րդ տարելիցի կապակցությամբ երկրում աղետների ռիսկի նվազեցմանն ու դիմակայունության բարձրացմանն ուղղված միջոցառումների շարքում առաջին անգամ Հայաստանում կազմակերպել դաշտային խոհանոցի միջազգային մրցույթ: Մրցույթին հնարավորություն կունենան մասնակցելու ինչպես Հայաստանի դաշտային խոհանոցի ծառայություն ունեցող գերատեսչությունները, այնպես էլ՝ թիմեր այլ երկրներից:

Կողմերը քննարկեցին նաեւ մասնագետների վերապատրաստման գործընթացում մասնավորապես՝ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոսական կազմի վերապատրաստման, 911 ծառայության կարգավար-օպերատորների՝ ահազանգողին հեռախոսակապի միջոցով առաջին օգնության տրամադրման հմտությունների կատարելագործման ծրագրերի իրականացումը:

Հանդիպման ավարտին ստորագրվեց «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ներքո աղետներին արձագանքման կամավորական շարժման խթանման եւ ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի կարողությունների հետագա զարգացման մասին» հուշագիրը։