Ազատամարտիկների դաշինքի անդամ, «Ապարան» ջոկատի  հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը զավեշտ է համարում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի այն հայտարարությունը, թե ակադեմիական տարկետումը հանելով եւ 18 տարին լրացված բոլոր ուսանողներին բանակ զորակոչելով՝ հաստատելու է սոցիալական արդարություն։ Ազատամարտիկը առաջարկում է, որ սոցիալական  արդարությունը սկսեն տարատեսակ պաշտոններ զբաղեցնող, իշխանական դասալիքներին բանակ զորակոչելուց, որոնք  զանազան մեդալների ու պարգեւատրումների են արժանանում։

«Արդեն իսկ զավեշտալի են այս փոփոխությունները, սոցիալական հավասարություն  հաստատելու հայտարարությունները: Սոցիալական արդարություն պիտի հաստատի մի նախարար, որը չի՞ ծառայել, պատերազմի մասնակից չի՞ եղել»,–ասաց ազատամարտիկը՝ շարունակելով հռետորական հարցադրումը, թե իրենք իրե՞նց դեմ են պայքարի դուրս եկել։

«Տարկետման իրավունքը  ո՞ւմ վրա էր ազդում, քիչ քանակով երիտասարդների մասին կարող է լինել խոսքը, իսկ բանակում, քանի՞սը չեն ծառայում, կառավարության կազմում քանի քանիսը կան, որ չեն ծառայել եւ  դա տարկետման իրավունքի հիմքով չի եղել։ Օրենքները ո՞ւմ դեմ են հանում, եթե չծառայողները հենց  իրենք են։ Եթե այդ օրենքով իրենց նմաններն էլ ծառայեն, ողջունելի է։ Բայց բոլորը շատ լավ գիտեն, որ պաշտոնյաների, արտոնյալների, օլիգարխների որդիները միեւնույն է՝ չեն ծառայի, օրենքով արգելվի, թե ոչ, նրանք շարունակելու են չծառայել իրենց հայտնի սողանցքներով։ Բացի իրենց արտոնյալներից  էս երկրում էլ կա՞ն մարդիկ, որ կարող են ազատվել ծառայությունից»,–ասաց Ռազմիկ Պետրոսյանը։ 

Վերջինս, այնուամենայնիվ, վերապահում ունի «արտոնյալներին» բանակ զորակոչելու առնչությամբ. Նա մտավախություն հայտնեց, որ զինված արտոնյալները կարող են իրենց վարքագծով ողբերգությունների պատճառ դառնալ եւ նպաստել միջանձնային անառողջ մթնոլորտի խորացմանը։  «Իսկ եթե ավելի անկեղծ, ցանկալի կլինի, որ պաշտոնյաների  արտոնյալ որդիները չհայտնվեն  բանակում, նրանք վտանգավոր են զինվորների համար։ Նրանք արտոնյալներ կլինեն են նաեւ զորամասում, եւ այդ տարբերակումն արդեն խնդրահարույց է: Նրանք վախկոտ են, նորմալ զինվորները՝ խիզախ,  դրանց տեսակը կարող է միջանձնային  վեճերի պատճառներ դառնալ, որը կբերի ողբերգական դեպքերի»։