Հայերն ունիկալ են նրանով, որ հաջողակ ապրում եւ աշխատում են ամենատարբեր մշակույթներում։ Այս մասին նոյեմբերի 6-ին՝ Երեւանում Համահայկական գիտական ֆորումի ժամանակ, ասել է «Ավրորա» մարդասիրական մրցանակի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը։

Հայերն ապրում են շիական եւ սուննիական, արեւմտյան եւ արեւելաեվրոպական, խորհրդային եւ հետխորհրդային մշակույթներում։ Նրանք ամենուր, որտեղ էլ որ ապրում են, իրենց երկրորդ հայրենիքին գիտնականներ, ինժեներներ, ձեռներեցներ եւ նկարիչներ են պարգեւում։

«Մենք կարող ենք տարբեր մշակույթների միջեւ յուրահատուկ հաղորդիչներ դառնալ։ Հայերը ոչ միայն լավ տիրապետում են տարբեր լեզուների, այլ նաեւ ճանաչելով տարբեր մշակույթները՝ տիրապետում են փոխըմբռնման լեզվին, այդ պատճառով էլ կարող են թարգմանել նույն լեզվով խոսող, բայց, միեւնույնն է, միմյանց չհասկացող մարդկանց համար։ Իսկ այսօրվա աշխարհում փոխըմբռնումը շատ կարեւոր է»,– ասել է Վարդանյանը։

Հայերը կարողանում են գաղափարներ գեներացնել։ Իսկ վերջին հաշվով աշխարհն առաջ են մղում նոր գաղափարները, որքան էլ որ դրանք տարօրինակ թվան։ Այստեղ կարելի է բերել Չեբուրաշկայի օրինակը, որին հորինել են խորհրդային մուլտիպլիկատորները։ «Ոչ ոք չէր  կարող նրան այդպիսին պատկերացնել, իսկ հիմա միլիոնավորները սիրում են այդ արարածին։ Իսկ ահա նման գաղափարներ գեներացնելու ունակություն մենք ունենք տարբեր ոլորտներում»,– ասել է Վարդանյանը։