ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 6-ին, ընդունել է համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներ, ֆիզիկոսներ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամներ Յուրի Օգանեսյանին եւ Անի Ափրահամյանին, ովքեր Հայաստան են ժամանել մասնակցելու նոյեմբերի 6-8 Երեւանում անցկացվող Համահայկական գիտաժողովին, ինչպես նաեւ քննարկելու Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (ԱԱԳԼ) ռազմավարության հետ կապված հարցեր:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Յուրի Օգանեսյանը բացի համաշխարհային գիտության մեջ իր առանցքային դերից՝ նաեւ ՀՀ վարչապետի կողմից նշանակված ԱԱԳԼ միջազգային գիտական խորհրդի նախագահն է, ում կողմից 2009-2010 թվականներին ձեւավորվել է միջազգային հանձնաժողով, որն ուսումնասիրել եւ կառավարությանն առաջարկներ է ներկայացրել Երեւանի ֆիզիկայի ինստիտուտը Ազգային գիտական լաբորատորիայի վերափոխելու վերաբերյալ, իսկ 2011 թվականին նշանակվել է վերը նշված հիմնադրամի միջազգային գիտական խորհրդի նախագահ: Մինչ օրս Յուրի Օգանեսյանն ակտիվ խորհրդատվություն է տրամադրում եւ աջակցում այդ գիտական կազմակերպության կայացմանը:
Անի Ափրահամյանը, ով ունի նաեւ մի շարք ամերիկյան եւ եվրոպական գիտական հիմնարկների կառավարման փորձ հատկապես միջուկային ֆիզիկայի եւ իզոտոպների արտադրության բնագավառում, եւս ակտիվորեն ներգրավված է Յուրի Օգանեսյանի կողմից ձեւավորված միջազգային հանձնաժողովում, իսկ 2011 թվականից՝ ԱԱԳԼ միջազգային գիտական խորհրդում եւ զգալի աշխատանք է իրականացնում երիտասարդ գիտնականներին աջակցության, միջազգային ծրագրերում նրանց ներգրավելու ուղղությամբ:
Ողջունելով անվանի գիտնականներին՝ Հանրապետության նախագահը բարձր է գնահատել նրանց պատրաստակամությունն աջակցելու Հայաստանում գիտության զարգացմանը, ինչպես նաեւ ներդրում ունենալու հատկապես ֆիզիկայի ու մաթեմատիկայի բնագավառներում առաջընթացի եւ երիտասարդ գիտնականների կրթության գործում:
Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել նաեւ անվանի գիտնականների հետեւողականությունը Օնկոլոգիայի ազգային գերազանցության կենտրոնի զարգացման եւ հատկապես «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երեւանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի՝ ԱԱԳԼ-ի տարածքում իզոտոպների արտադրության ու դիագնոստիկայի կենտրոնի ծրագրի ձեւավորման գործում եւ ընդգծել, որ պետությունը հետեւողականորեն շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել եւ աջակցություն ցուցաբերել այդ ծրագրերի իրագործմանը:
Հանդիպմանը կարեւորվել է նաեւ Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (ՖԱՍՏ) ու Անի Ափրահամյան եւ Յուրի Օգանեսյան տանդեմի համագործակցությունը՝ նկատի առնելով, որ Յուրի Օգանեսյանը նաեւ ՖԱՍՏ-ի հոգաբարձուների խորհրդի անդամ է:





























