Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Իոս Դաումային:
Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարը դեսպանի հետ զրույցում ներկայացրել է Սահմանադրության 2015 թվականի փոփոխություններից հետո օրենսդրական դաշտում կատարված եւ ներկայում կատարվող աշխատանքները, այնուհետեւ անդրադարձել արդարադատության ոլորտի առաջնահերթություններին ու Իրավական եւ դատական բարեփոխումների ռազմավարական նոր ծրագրին:
Դեսպան Իոս Դաուման շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ նախարարի հետ քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են արդարադատության ոլորտում երկու երկրների միջեւ համագործակցությունն առավել խորացնելու եւ չափելի արդյունքներ արձանագրելու պատրաստակամությունը:




























