Նոյեմբերի 5-ից 6-ը Օմանի Սուլթանության մայրաքաղաք Մասկատում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի եւ Օմանի արտգործնախարարությունների միջեւ: Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանը, օմանական կողմից՝ ԱԳ նախարարի դիվանագիտական հարցերով տեղակալ Մուհամմադ բին Աուադ ալ-Հասանը:

Երկուստեք գոհունակությամբ նշվեց երկու երկրների միջեւ գոյություն ունեցող ջերմ եւ բարեկամական հարաբերությունները եւ նման խորհրդակցությունների պարբերական անցկացման կարեւորությունը: Խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ կատարվեց երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակի, այդ թվում քննարկվեցին Հայաստանի եւ Օմանի ԱԳ նախարարների միջեւ ս.թ. փետրվարին Մյունխենում կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը: Կողմերը անդրադարձան նաեւ առեւտրատնտեսական, գիտակրթական, մշակութային փոխգործակցության, զբոսաշրջության խթանմանն ուղղված քայլերին: Մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային եւ ենթատարածաշրջանային մարտահրավերների վերաբերյալ: Խորհրդակցությունների շրջանակներում հատուկ ընդգծվեց եւ պայմանավորվածություն ձեռք բերվեց Հայաստանի եւ Օմանի միջեւ երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ:

Կողմերն անդրադարձան նաեւ երկու երկրների փոխգործակցության խորացման ու ամրապնդման հեռանկարներին եւ կարեւորեցին այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի համար աշխատանքային օրակարգի մշակման անհրաժեշտությունը:

Փոխնախարար Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը, խորհրդակցությունների շրջանակում, հանդիպումներ ունեցավ նաեւ Օմանի բարձրագույն կրթության նախարար դոկտոր Ռաուիա ալ Բուսաիդի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջեւ բարձրագույն կրթության բնագավառում փոխշահավետ համագործակցության հեռանկարները:

Այցի ընթացում Արմեն Պապիկյանը հանդիպումներ ունեցավ նաեւ Օմանի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Սաին ալ Կիյումիին եւ մի շարք այլ պաշտոնատար անձանց հետ: