2011 թ. հունվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտնում պարտադիր ավտոապահովագրության մասին օրենքը։ Սա նշանակում է, որ չապահովագրված մեքենաների տերերը, ըստ օրենքի, պետք է տուգանվեն 50 հազ, դրամով (մոտ 140 դոլար)։ Սակայն ապահովագրման ընթացքը ցույց է տալիս, որ մեքենաների սեփականատերերի զգալի մասը մինչեւ հունվարի 1-ը մեքենան չի ապահովագրի։
NEWS.am-ն այսօր ոստիկանապետ Ալիկ Սարգսյանից փորձեց պարզել, թե ի՞նչ հրահանգներ են ստացել ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն այս առնչությամբ։
Ոստիկանապետն ասաց, որ հատուկ հրահանգներ այդ կապակցությամբ չկան, սակայն Ամանորի տոների հետ կապված որոշակի վերապահումներ կատարվել են։ «Ուղղակի խնդրել եմ ժողովրդին չնեղացնել, պահանջներ ներկայացնել տակտի, չափի սահմաններում, առանց կոպտության մեր քաղաքացիներին մղել նրան, որ մեքենաները ապահովագրեն, քանի որ դա պետական ծրագիր է»,- ասաց Ա. Սարգսյանը։
Դատելով ոստիկանապետի խոսքից՝ մինչեւ հունվարի 13-ը պարտադիր ավտոապահովագրության գծով տուգանքներ չեն կիրառվի։ Սակայն՝ «տոներից հետո մեր վերաբերմունքը կփոխվի»,-զգուշացրեց ոստիկանապետը։




























