Ես այն կարծիքին չեմ, որ բոլոր միտինգավոր ուսանողները գիտության ծարավ են: Այս մասին NEWS.am -ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ԵՊՀ-ի շենքի դիմաց ուսանողների բողոքի ակցիային, որոնք պահանջում են չհանել տարկետման իրավունքը:

Շարմազանովը դժվարացավ ասել՝ ՀՀԿ-ական նախարարը հաշվի կառնի ուսանողների պահանջը, թե ոչ, բայց պնդեց, որ օրենքն այդ տեսքով պետք է ընդունվի նաեւ երկրորդ ընթերցմամբ:

«Բանակում ծառայելը չի խանգարում գիտությամբ զբաղվելուն: Թե բանակի թե պետության, թե գիտության համար սա օբյեկտիվ լուծում է: Եթե ուզում եք կոռուպցիայի դեմ պայքարել, պայքարենք, եկեք չխառնենք մեկը մյուսի հետ: Ես այս օրենքի պաշտպանն եմ ու գտնում եմ այն բանակաշինության ամրապնդմանն է նպաստելու»,-ասաց Շարմազանովը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԵՊՀ գլխավոր շենքի դիմաց այսօր՝ նոյեմբերի 7-ի առավոտից ուսանողները հավաքվել են եւ բողոքի ակցիա են իրականացնում՝ դասադուլի կոչով:

Ուսանողները բողոքում են տարկետման իրավունքի վերացման դեմ, որը նախատեսվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի նախագծով: Օրինագիծն ԱԺ-ում ընդունվել է առաջին ընթերցմամբ:

Ուսանողները շրջել են ԵՊՀ բոլոր ֆակուլտետներում և դասադուլի կոչով դիմել բոլոր այն ուսանողներին, ովքեր կիսում են իրենց մտահոգությունները՝ կապված օրենքի փոփոխության հետ:

Նշենք, որ հիշյալ օրենքի նախագծով տարկետում է տրվում միայն այն ուսանողներին, որոնք ՊՆ-ի հետ կկնքեն պայմանագիր, ըստ որի բուհն ավարտելուց հետո պետք է ծառայեն ոչ թե 2, այլ 3 տարի ժամկետով, բայց որպես սպա: