Սարի թաղում 2016թ. հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի շահերի պաշտպան Կարեն Մեժլումյանն այսօր` նոյեմբերի 7-ին, ինքնաբացարկի միջնորդություն հայտնեց նախագահող դատավոր Վարդան Գրիգորյանին:
Կարեն Մեժլումյանը նշեց, որ դատավորը կողմնակալ է, հանդես է գալիս մեղադրական կողմից: Պաշտպանի խոսքով, դատավորի կողմնակալությունն ավելի ակնհայտ երեւաց անցած դատական նիստին` գործով վկա Գեղամ Սահակյանի հարցաքննության ժամանակ: Նրա խոսքով, վկան ունի պարանոյիդ անձնային խանգարում եւ պաշտպանական կողմի հարցերը` վկայի հոգեկան անառողջությունը բացահայտելուն ուղղված, դատավորը անթույլատրելի է համարել, որն էլ մեկ անգամ եւս ապացուցում է, որ դատարանն անաչառ չէ:
Բացի այդ, Կարեն Մեժլումյանն անդրադարձավ նաեւ դատական նիստերի տեսանկարահանումն արգելելուն, նա նշեց, որ դատարանը որոշում էր կայացրել տեսանկարահանումը արգելելու վերաբերյալ միայն վկաների հարցաքննության փուլում, սակայն, այսօր նա արգելեց նաեւ տեսանկարահանել դատական նիստի այն հատվածը, երբ պաշտպանը ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացնում, որն ապօրինի է:
Անդրիաս Ղուկասյանը եւս միացավ պաշտպանի միջնորդությանը: Նա նշեց, որ Գեղամ Սահակյանի ցուցմունքը քաղաքական նշանակություն ունի. «Տվյալ գործով յոթ մեղադրյալներն ազատության մեջ են, իսկ ինձ անազատության մեջ են պահում: ՄԻջազգային կառույցների հարցին նախաքննական մարմինը պատասխանել է` կան ապացույցներ, որի հիման վրա ինձ անազատության մեջ են պահում: Այդ ապացույցը Գեղամ Սահակյանի ցուցմունքն է:
Գեղամ Սահակայնը մեկ տարի առաջ մեկ այլ ցուցմունք է տվել, որը փաստերի հետ ոչ մի կապ չունի, նա նաեւ աղավաղված եւ մաբողջությամբ այլ ցուցմունք ներկայացրեց դատարանում: Դատարանը ոչինչ չարեց նրա ցուցմունքների ճշմարտացիությունը, հկասությունը պարզելու: Դատարանի դիրքորոշումը քաղաքական է. ում ձեռք չի տալիս այս հանգամանքները պարզելու, իհարկե, իշխանություններին, իսկ դատարանն այդպես է գործում»:
Մեղադրող Պետրոս Պետրոսյանը ինքնաբացարկի միջնորդությանն առարկեց: Նա նշեց, որ ամբաստանյալի եւ պաշտպանի բերած ինքնաբացարկ ներկայացնելու հիմնավորումները ենթադրությունների վա են հիմնված: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:
Ըստ մեղադրանքի՝ Անդրիաս Ղուկասյանը 2016 թվականի հուլիսի 29-ին Երեւանում զանգվածային անկարգություններ է կազմակերպել, ինչպես նաեւ փորձել է միանալ 2016 թվականի հուլիսի 17-ին Երեւանի Խորենացի փողոցի 158 հասցեում տեղակայված՝ Հայաստանի ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները եւ տրանսպորտային միջոցները զավթած, ոստիկաններ եւ բուժաշխատակիցներ պատանդ վերցրած կազմակերպված, զինված խմբին, զինվել, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրել, պահել եւ խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին, սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով: Անդրիաս Ղուկասյանը կալանքի տակ է:



























