Կրթության եւ գիտության նախարարությունում հանդիպում է կայացել, որի ժամանակ գնահատական է տրվել ԵՄ բյուջետային աջակցության «Լավագույն աշխատատեղերի համար որակավորման բարձրացում» ծրագրի կատարմանը, ինչպես նաեւ քննարկվել են կրթության ոլորտում  ԵՄ-Հայաստան համագործակցության առաջընթացի եւ ազդեցության հարցերը: Հանդիպմանը մասնակցել են կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին եւ երկրի պետական կառավարման այլ մարմինների ներկայացուցիչներ:

Կրթության եւ գիտության նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, թե հանդիպման ընթացքում Մկրտչյանն ընդգծել է, որ ԵՄ բյուջետային համագործակցության բոլոր 3 ծրագրերը ցույց են տալիս, որ մենք ճիշտ ուղու վրա ենք՝ միաժամանակ աջակցության համար շնորհակալություն հայտնելով Հայաստանում ԵՄ պատվիրակությանը:

«Հատուկ ցանկանում եմ նշել մասնագիտական կրթության եւ ուսման ոլորտում գյուղատնտեսական ծրագրի մասին, որի հաջողության դեպքում մենք այդ փորձը կկիրառենք նաեւ երկրի այլ մարզերում: Հույս ունեմ, որ այս ծրագիրը մեր առջեւ նոր դուռ կբացի ապագա ծրագրերի ենթատեքստում»,- հայտարարեց նախարարը՝ հավելելով, որ մոտ ժամանակներում կառավարությանը կներկայացվի 2018-2030 թվականներին կրթության զարգացման պետական ծրագիրը: Մկրտչյանի խոսքով՝ միաժամանակ կներկայացվի գիտության ոլորտում բարեփոխումների ամբողջ փաթեթը:

Պյոտր Սվիտալսկին իր հերթին շեշտեց, որ կրթության ոլորտում ԵՄ-Հայաստան համագործակցության նպատակն է Հայաստանին աջակցել մասնագիտական կրթության ու ուսման եւ զբաղվածության միջեւ կապի հաստատման հարցում, ըստ որում՝ հատուկ ուշադրություն է դարձվում գյուղատնտեսության ոլորտում զբաղվածության խթանման գործընթացին:

Այնուհետեւ Կրթության եւ գիտության, Տնտեսական զարգացման եւ ներդրումների, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի, Ֆինանսների նախարարությունների եւ Քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցիչները ներկայացրեցին ԵՄ բյուջետային աջակցության «Լավագույն աշխատատեղերի համար որակավորման բարձրացման» ծրագրի ընդհանուր եւ հատուկ նախապայմանների կատարման ընթացքը: