Սոցիալական նպաստների համակարգը որոշակի քաղաքական գործոն է դարձել, որն օգտագործվում է բոլոր տեսակի ընտրությունների ժամանակ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 7-ին, ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովում «Սոցիալական աջակցության մասին» ՀՀՀ օրենքի փոփոխությունների քննարկման ժամանակ նշել է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով,  ՏԻՄ ընտրություններում եւ ընդհանրապես, բոլոր ընտրություններում մարդուն ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկելը կամ այդ համակարգից դուրս թողնելը դարձել է քաղաքական գործիք, որն օգտագործվում է մարդկանց այս կամ այն ընտրությանը հարկադրելու համար:

«Համապատասխան աշխատողը կարող է նկատել մի գլուխ խոշոր եղջերավոր անասունի առկայությունը գոմում, կամ չնկատել: Դա ընտրություն է ընտրությունից առաջ: Եթե դու ուզում ես՝ քո կովին նկատեն, դու ընտրում ես ընդդիմությանը, իսկ եթե ուզում ես քո կովին չնկատեն, քվեարկում ես իշխանության օգտին: Հետեւաբար մարդիկ շատ դեպքերում ընտրում են ոչ թե քաղաքական ուժերին, այլ խոշոր եւ մանր եղջերավոր անասունների միջեւ»,-ասաց Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ հայտնի «զիբիլիկսի» գործով, երբ իրենք ՀՀԿ շտաբի մոտ գտնվող աղբամանում հայտնաբերել էին փաստաթղթեր, որոնք բացահայտում են ընտրախախտումների մեխանիզմները, այնտեղ մի քանի էջ նվիրված է եղել «Փարոս համակարգին»:

«Այդ տեսանկյունից հարց է ծագում՝ գործող իշխանությունը աղքատությունը հաղթահարելու կամք ունի՞, թե՞ չունի: Ես կասկածի տակ եմ առնում դա, որովհետեւ մարդկանց օգնել, որ հաղթահարեն աղքատությունը, նշանակում է կորցնել զանգվածաբար ընտրողներին տեղամաս բերելու եւ քվեարկության հարկադրելու, ընտրակաշառքի հարկադրելու հնարավորությունը»,-ընդգծեց «Ելք» խմբակցության ղեկավարը: