Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ղեկավարած հայկական պատվիրակության այցը Իսրայել բավականին ոչ ստանդարտ է։ Այս մասին նոյեմբերի 7-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը, ասել է Կնեսեթի նախկին պատգամավոր քաղաքագետ Ալեքսանդր Ցինկերը։

Նրա խոսքով՝ երբ պետությունների ղեկավարները կամ ԱԳ նախարարները այցելում են այս կամ այն երկիր, ամեն բան միշտ առանձին արձանագրությամբ է ընթանում։

«Այս անգամ նման տեղեկություն չունենք։ Միակ բանը, որը հայտնի է, դա այն է, որ Էդվարդ Նալբանդյանն այցելել է Հոլոքոսթի թանգարան»,– ասել է Ցինկերը՝ հավելելով, որ բոլոր անհրաժեշտ արարողակարգերից հետո նա հանդիպելու է Իսրայելի ԱԳ նախարարի եւ վարչապետի հետ։

Միաժամանակ Ցինկերը նշել է, որ հայկական պատվիրակության այցելության մասին տեղեկություններ դեռ չկան։ Դա, ըստ նրա, պայմանավորված է այն հանգամանքով, որ իսրայելական մամուլի ուշադրությունը հրավիրված է վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողմից Գերմանիայից սուզանավեր գնելու վրա։ Այդ սկանդալը, նրա խոսքով, այնքան լուրջ է, որ գործը կարող է հասնել արտահերթ խորհրդարանական ընտրություններին։