Կրթությունը չկարեւորելու քաղաքականությունը խոսում է իշխանությունների դիրքորոշման մասին, քանի որ կիրթ հասարակության պայմաններում դժվար է տանել սխալ քաղաքականություն։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 7-ին, «Կրթության ֆինանսավորման կրճատում. նոր բյուջեի մարտահրավերները» քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։
Նրա համոզմամբ, այս հատկացումների պարագայում երկրում բարդ իրավիճակ կստեղծվի, իսկ մեր կրթությունը միջազգային մակարդակում կդառնա անմրցունակ։ «Սակայն կա կարեւոր խնդիր՝ հասկանալ, թե ուր ենք ուզում գնալ։ Եթե ուզում ենք, որ մեր ուսանողները սովորեն Քեմբրիջում, Օքսֆորդում, Հարվարդում եւ այլ հեղինակավոր համալսարաններում, իհարկե, այս բյուջեն քիչ է, սակայն եթե նայում ենք այն անորակ կրթությանը, որ ունենք հիմա, գուցեեւ ավելցուկ էլ տա եղած հատկացումը։ Խոսում ենք կրթության մասին, բայց ունենք մի իրավիճակ, երբ խոսակցություններ են պտտվում ԳԱԱ շենքը հյուրանոցի վերածելու մասին։ Այսինքն, ինչ է ստացվում՝ չհաջողեցինք գիտության ոլորտում եւ քոսոտ գիտությունից կառուցում ենք քոսոտ հյուրանոց»,-դժգոհեց նա։
Բագրատյանն ընդգծեց նաեւ, որ փաստացի ունենք 1․3 տրիլիոն դրամի բյուջե, որը իրականում խղճուկ բյուջե է, եւ այս պարագայում պետք է քննարկել ինչի հաշվին պետք է ավելացնել կրթության ֆինանսավորումը։ «Կրթությունը կարեւոր է, բայց ոչ առաջնային, օրինակ, չենք կարող առողջապահությունից վերցնել տալ կրթության ոլորտին, քանի որ հիվանդ երեխային կրթությունը այդքան էլ պետք չէ»,-ասաց նա:
Հարցին, թե արդյոք ճի՞շտ է այդքան մեծ բաժին կրթության մեջ տալ ռազմական կրթությանը, նա պատասխանեց․ «Երբ բողոքում ենք, որ կրթության ֆինանսավորման մեծ բաժին հասնում է ռազմական ոլորտին, իրականում դա այդքան էլ վատ չի։ Թող լինեն կրթված, թող լինեն լավ ռազմական մասնագետներ»։
Հիշեցնենք, որ մինչեւ նոյեմբերի 9-ը ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում կշարունակվեն «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները։ Այժմ օրակարգում գիտության, կրթության ծախսերն են։



























