Կրթության, առողջապահության ոլորտում չպիտի տնտեսագիտական մոտեցումներ կիրառել՝ հետապնդելով կարճաժամկետ շահույթ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 7-ին, «Կրթության ֆինանսավորման կրճատում. նոր բյուջեի մարտահրավերները» քննարկման ժամանակ նշեց Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ Վահրամ Սողոմոնյանը։
«Կրթության ֆինանսավորման իջեցումը ճակատագրական հարված կհասցնի հասարակությանը։ 1.8 տոկոս բյուջետային հատկացումը աղետալի ցուցանիշ է համաշխարհային մակարդակում։ Ասեմ ավելին, ՀՀԿ-ն ու ՀՅԴ են պատասխանատու այս իրավիճակի համար, երբ խոստանում էին մեծածավալ ներդրումներ, իսկ հիմա այդ չեկած ներդրումների պատճառով այս օրին ենք հասել»,-նշեց նա։
Նա փոխանցմամբ, առաջնահերթ պիտի լինի մարզերում մի շարք դպրոցների կապիտալ վերանորոգումը, ուսուցիչների աշխատավարձերի բարձրացումը, իսկ ինչն ավելի կարեւոր է ամբողջ երկրում մանկապարտեզների անվճար դարձնելը։ « Դա իրագործելու համար մեծ գումարներ պետք չեն, ընդամենը ուժային կառույցներում, պետական ապարատում ծառայողական մեքենանաների, զարտուղի ֆինանսների կրճատմամբ կարելի է մանկապարտեզները դարձնել անվճար»,-համոցմունք հայտնեց Սողոմոնյանը։
Հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրեն Արեւիկ Անափիոսյանը ընդգծեց, որ գիտելիքահեն տնտեսությունը առանց կրթության չի լինի։ «Որքան կրթական մակարդակը բնակչության մոտ ցածր է, այնքան բարձր է աղքատությանը, ուստի երբ խոսում ենք աղքատության կրճատման մասին, նախ պետք է մտածել կրթության որակի մասին»,-նշեց նա։
Նրա կարծիքով, առաջին հերթին պետք է մտածել, թե ուր ենք գնում, իսկ երբ 2015 թվականից ի վեր չունենք կրթության զարգացման ծրագիր, պարզ չէ՝ չունե՞նք տեսլական, թե՞ պետք է չէ մեզ կրթական քաղաքականության զարգացումը։
«Այս քաղաքականությունը, երբ տարեցտարի մեր երկրում կրճատվում է կրթությանը հատկացվող ֆինանսավորումը, պետության զարգացումը շուտով փակուղի կմտնի։ Այնինչ կրթության ոլորտում դրվող գումարները ուղղակի ծախսեր չեն, դրանք ներդրումներ են, որոնք արդյունքը տեսանելի կլինի ապագայում»,-շեշտեց նա։
Անափիոսյանի համոզմամբ, Իսկ կրթության ոլորտում անհրաժեշտ է իրականացնել բարեփոխումներ եւ առաջին հերթին, լուրջ բարեփոխել Կրթության ազգային ինստիտուտը։ «Մեզ պետք է նաեւ վերանայել, թե ինչպիսի արժեք ու կշիռ ունի ուսուցիչն ու դասախոսը։ Հայաստանում, եթե ուզում ենք բարձրացնել կրթության որակը, պետք է ուսուցիչն ու դասախոսը մեր համար արժեք դարձնենք»,-իր ելույթի ավարտին ընդգծեց նա։



























