ԵՊՀ դիմաց այսօր առավոտից տարկետման իրավունքի սահմանափակման դեմ դասադուլ հայտարարած ուսանողներն երթով հասան ԿԳՆ շենքի դիմաց: NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ Կրթության եւ գիտության նախարարի խոսնակ Լուսինե Մարգարյանը մոտեցավ ուսանողներին եւ առաջարկեց բարձրանալ նախարարություն եւ հանդիպում ունենալ նախարարի հետ:
«Նախարարը հենց հիմա պատրաստ է 10 հոգու ընդունել բոլոր լրատվամիջոցների ներկայությամբ եւ հանդիպում կազմակերպել՝ ուղիղ եթերով»,-ասաց նա:
Սակայն, դասադուլ հայտարարած ուսանողները նշեցին, որ իրենք պահանջում են, որպեսզի Լեւոն Մկրտչյանը իջնի իրենց մոտ, կամ ԵՊՀ դահլիճում հանդիպի իրենց հետ. «Այստեղ շատ ենք, ուսանողները տարբեր հարցեր ունեն նրան եւ 10 հոգու բարձրանալը սխալ կլինի: Խնդրում ենք տեղեկացնել նախարարին, որ մենք ցանակնում ենք նրա հետ ԵՊՀ դահլիճում հանդիպել, որից հետո կքննարկենք նախարարությունում նրա հետ հանդիպումը»,- ասաց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը:
Քննարկումից հետո ուսանողները որոշում կայացրին 10 հոգով բարձրանալ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի հետ հանդիպման:
Նախաձեռնության անդամները դասադուլով պահանջում են պահպանել ներկայում գործող ակադեմիական տարկետման իրավունքի սկզբունքները: Պաշտպանության նախարարության առաջարկած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով առաջարկվում է խիստ սահմանափակել այդ իրավունքը:
Մասնավորապես, տարկետման իրավունք կստանան միայն այն ուսանողները, որոնք պայմանագիր կկնքեն ՊՆ-ի հետ, որով կպարտավորվեն, որ ուսումն ավարտելուց հետո կծառայեն արդեն ոչ թե 2, այլ երեք տարի, բայց որպես սպա:



























