Ռուսաստանում ազգային հողի վրա լարվածության աճ կա: NEWS.am- ի թղթակցի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի Հայերի միության փոխնախագահ Գերման Անանյանցը:

Նրա խոսքով՝ այսօր դա ավելի շատ է զգացվում , քան խորհրդային շրջանում:

«Խորհրդային տարիներին այդպիսի բան գրեթե չկար, հայերին որպես տիտղոսային ազգի էին վերաբերում, քանի որ բարձրագույն մտավորականությամբ էին ներկայանում: Բացի այդ, շատ հայեր ղեկավար պաշտոններ էին զբաղեցնում», - բացատրել է Անանյանցը՝ հավելելով, որ այն ժամանակ հայ լինելը պատվավոր էր համարվում:

Սակայն, ըստ նրա, Խորհրդային Միության փլուզումից հետո «տարբեր» հայերի հոսք սկսվեց դեպի Ռուսաստան, որոնք իրենց գործունեությամբ խաթարեցին Ռուսաստանի հայերի համբավը:

Միեւնույն ժամանակ, ըստ Անանյանցի, իրավիճակը սրվում է նաեւ ադրբեջանական սփյուռքի կողմից ակտիվ քարոզչական հակահայկական գործունեության պատճառով, որը ցանկացած կերպ փորձում է հայերին վարկաբեկել ռուսների աչքերում:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւը հաղորդել էր երկրի որոշ շրջաններում ազգամիջյան լարվածության բարձրացման սպառնալիքի մասին: