Շիրակի համալսարանի նախկին ռեկտոր, «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդեւան Գրիգորյանը խորհուրդ է տալիս ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանին անհիմն մեղադրանքներ չհնչեցնել իր հասցեին՝ կապված Շիրակի պետական համալսարանում արձանագրված չարաշահումների հետ:

Վարդեւան Գրիգորյանն այսօր՝ նոյեմբերի 9-ին, ԱԺ-ում ասուլիս է հրավիրել եւ պատասխանել համալսարանի բացահայտումների հետ կապված հարցերին: Նա փորձում էր հիմնավորել, որ այդ բացահայտումները չեն վերաբերում բուհի իր ղեկավարած տարիներին եւ նախարարը հանիրավի է մեղադրանքներն ուղղել այդ տարիներին. «Ես չեմ ասում, որ բուհը  թերություն չի ունեցել, բայց աուդիտը գրել է եզրակացության մեջ թերությունը եւ ժամանակ է տվել մինչեւ 2016-ի դեկտեմբերը վերացնել թերությունները: Ես հունիսին իմ դիմումի հանաձայն ազատվել եմ, իսկ թերության վերացումը փոխանցվել է նոր ռեկտորին: Եթե նախարարը ասում է՝ ունեն տասը տարվա վաղեմություն, ապա դա իմ ռեկտոր եղած ժամանակահատվածն է եւ դա ուղիղ մեղադրանք է ինձ: Պարոն Մկրտչյանը ինձ մեղադրում է, որ  վերջին տարիներին դեկանների եւ ամբիոնի վարիչների ընտրություն չի եղել: Հավատացնում եմ, որ  14 տարվա ընթացքում չի եղել դեպք, որ որեւէ ամբիոնի վարիչ կամ դեկան ժամկետը լրանալուց հետո ընտրված չլինի: Դեկանները եւ ամբիոնների վարիչները ընտրվել են գիտխորհրդում: Եթե Լեւոն Մկրտչյանը մի դեպք կկարողանա հայտնաբերել, ես պատրաստ եմ պատասխան տալու»,-հայտարարեց Վարեւան Գրիգորյանը:

«Ասում է, դասախոսների ընտրություն չի եղել: Համաձայն եմ, դա պայմանավորված է նրանով, որ ինստիտուտում հաստատուն մասնագիտական ընդունելություն  չի եղել բնագիտական եւ մաթեմատիկական մասնագիտությունների գծով:  Եթե մրցույթ ենք հայտարարում այս կամ այն գծով, ինստիտուտը պարտավոր էր հայտարարված մրցույթի դրույքաչափով ապահովել դասախոսներին: Քանի որ հաստատուն ընդունելություն  չկար, չէինք կարող մրցույթ հայտարարել: Եթե չեն ընդունվել ուսանողներ, փոխվում է աշխատանքային պայմանագիրը եւ էդ դեպքում մենք պիտի կարողանայինք լուծարել մեր պայմանագիրը: Դա հոգեբանական լուրջ հարված

էր դասախոսին: Դա բազմիցս քննարկվել է եւ էդ դասախոսները որեւէ խնդիր չեն ունեցել իրենց դրույքաչափով աշխատելու»,-պարզաբանեց նախկին ռեկտորը:

Վարդեւան Գրիգորյանը պնդեց, որ իրեն ուղղված Լեւոն Մկրտչյանի մեղադրանքները անհիմն են. «Պարոն նախարարը խոսքի մեջ ասում է 10 լուրջ թերություններ. ու էնպես է ասում, որ եկել են դրանք տարիների վաղեմությունից: Այդ տասն էլ երկու երեք ամսվա բացթողում է եղել եւ հավանաբար պարոն նախարաը կամ ընկերները հասկացնել են տվել փոխել, քանի որ դրանք համակարգից դուրս են եւ դրա համար էլ նախարարն ասում է՝ 10 թերությունից 9-ը արդեն  փոխվել են»:

Հիշեցնենք, որ Շիրակի պետական համալսարանի դասախոսները հանդես էին եկել բաց նամակով՝ ուղղված նախագահին ու վարչապետին: Բաց նամակում դասախոսներ Հովհաննես Խորիկյանը և Գագիկ Համբարյանը պնդում էին, որ բուհի ռեկտոր Սահակ Մինասյանը ապօրինություններ ու չարաշահումներ է թույլ տալիս: Ինքը՝ ռեկտորը այդ մեղադրանքները հերյուրանք էր որակել:

Գագիկ Համբարյանի պնդմամբ, ռեկտոր Սահակ Մինասյանը գումարներ է փոշիացնում․ «Երբ որ նույն քաղաքապետարանը կարող էր 32 միլիոն դրամով երկհարկանի շենք վերանորոգել, իսկ պարոն Մինասյանը 25 միլիոն դրամով մի փոքրիկ բուֆետ է վերանորոգում: Երբ Գյումրիում 220 հազար դոլարով կարելի է քաղաքի կենտրոնում 4-5 հատ երկհարկանի, բավական լավ վերանորոգված և նոր կառուցված տներ գնել, պարոն Մինասյանը այդ ահռելի գումարով ընդամենը մի դահլիճ է վերանորոգում․․․ ուրեմն սրա վերաբերյալ ոչ մի գործ չի հարուցվում»: