Վանաձորի ավագանին առանց քվորումի չէր կարող գումարել ավագանու նիստ եւ, եթե նիստ գումարվել է  եւ ձեւական առումով ակտ է ընդունվել, ապա այդ ակտն անվավեր պետք է ճանաչվի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին, լրագրողների հետ զրույցում Սահմանդրական դատարանում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը:

«Սահմանադրական դատարանից պահանջում ենք օրենքի դրույթները ճանաչել Սահմանադրությանը հակասող, անվավեր: Վեճը սահմանադրաիրավական վեճ է, ոչ թե օրենսդրականության: Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ այսօր վիճարկվում է  նաեւ ՏԻՄ-ի որոշումները, որոնք առանց իրավազորության են ընդունվել:    Այստեղ մեկ այլ խնդիր էլ կա, պետությունը պետք է ընթացակարգեր նախատեսի նման իրավիճակների համար, որպեսզի իրավական վակուում չառաջանա, պետք է ընթացակարգեր մշակի այդպիսի իրավիճակներից դուրս գալու համար»,-ասաց նա:

Արտակ Զեյնալյանը նշեց, որ ՍԴ-ից ակնկալում են արդար, համոզիչ, հիմնարար դատական ակտ եւ ճգնաժամի լուծում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը քննում է «Լուսավոր Հայաստան»-ի դիմումը, որը վերաբերում է ՏԻՄ նոր օրենսգրքում առաջ եկած հակասությանը: Որոշումը կհրապարակի այսօր ժամը 15:00-ին:

Նշենք, որ 2016 թվականի հոկտեմբերի 2-ին Վանաձորում կայացած ընտրություններից հետո ավագանու «Լուսավոր Հայաստան», ԲՀԿ եւ «Հայկական վերածնունդ» խմբակցությունները բոյկոտեցին ավագանու նիստերը, մինչ օրս չեն մասնակցում, սակայն Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, չունենալով մեծամասնություն, մինչ օրս ավագանու նիստեր է գումարում՝ պնդելով, որ իրենք անօրինական ոչ մի բան չեն անում, եւ օրենքը իրենց տալիս է այդ հնարավորությունը։

Բանն այն է, որ այդ նշված երեք խմբակցությունները միասին 33 հոգանոց ավագանիում ունեն 18 մանդատ, այսինքն մեծամասնություն են կազմում, սակայն քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը փոքրամասնությամբ նիստեր է անցկացնում:

ՏԻՄ օրենքը մի հոդվածում նշում է, որ նիստն իրավազոր է, երբ նիստին մասնակցում է ավագանու անդամներից կեսից ավելին, իսկ 64-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն էլ ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են որոշում ընդունելու համար անհրաժեշտ թվով ավագանու անդամներ: 4-րդ կետն էլ արձանագրում է, որ ավագանու որոշումները ընդունվում են նիստին ներկա ավագանու անդամների ձայների մեծամասնությամբ, բայց ոչ պակաս, քան ավագանու անդամների ընդհանուր թվի մեկ քառորդով: Այդ մեկ քառորդը կազմում է 8,2 ձայն, հետեւաբար Մամիկոն Ասլանյանի պնդմամբ, եթե 9 հոգի կողմ է որոշումների ընդունմանը՝ նիստն իրավազոր է:

Այս խնդրի առնչությամբ «Լուսավոր Հայաստան»-ը դիմել է Սահմանադրական դատարան: Եթե ՍԴ-ն որոշի, որ ՏԻՄ օրենքի այդ դրույթը հակասահմանադրական է, ապա, ամենայն հավանականությամբ, պետք է անվավեր ճանաչվեն մինչ օրս ավագանու ընդունած բոլոր որոշումները, քանի որ այնտեղ կեսից ավելին ներկա չի եղել: