ԵՊՀ աշխատակազմի ղեկավար եւ գնումների հանձնաժողովի նախագահ Ալիկ Ղարիբյանը, ով վերջին օրերին քննադատում է դասադուլ կազմակերպող ուսանողների գործունեությունը, ինքը 2004 թվականին նույնպես պայքարել է տարկետումը վերացնելու մասին օրենքի դեմ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը՝ ընդգծելով, որ Ալիկ Ղարիբյանն իր համակուրսեցին է եղել:
Նա, մասնավորապես, գրել է.
«Սա Ալիկն է։ Նա ԵՊՀ աշխատակազմի ղեկավար եւ գնումների հանձնաժողովի նախագահ է։ Նա իմ համակուրսեցին է։
Նա մասնակցել է 2004-ի «Զինապարտության մասին օրենքի» դեմ ուսանողական շարժմանը, օգտվել է այդ շարժման շնորհիվ պահպանված տարկետման իրավունքից, եղել է Արամ Սիմոնյանի ասպիրանտը, բայց այսօր հասկացել է, որ մեծ սխալ է գործել եւ այժմ դեմ է տարկետման ինստիտուտին։ Նա հասկացել է, որ ուսանողներից ոչ մի լավ բան սպասել չի կարելի, փորձում է ճնշել տարկետման պահպանման համար մղվող ուսանողական շարժումը եւ սպառնում է «դիմել կտրուկ մեթոդների»։ Նա հավանաբար ուզում է կրկին գործի դնել ԵՊՀ «ախալքալակցիների գունդը», ինչպես երանելի 2013-ին։
Մի ժամանակ նա դաշնակցական էր: Ու կապ չունի, որ Հայոց պատմության ամբիոնում, որտեղ նա սովորում էր, լիքը դաշնակցական դասախոսներ կային, կրթության եւ գիտության նախարարը դաշնակցական Լեւոն Մկրտչյանն էր, իսկ ՀՀ նախագահի աթոռը զբաղեցնում էր Ռոբերտ Քոչարյանը, որը շատ էր սիրում դաշնակցականներին:
Հետո նա հասկացավ, որ չի ուզում դաշնակցական լինել եւ հարում է հանրապետականների գաղափարական արժեքների: Ու կապ չունի, որ էդ ժամանակ արդեն ԵՊՀ ռեկտոր եւ իր ասպիրանտական թեզի ղեկավար Արամ Սիմոնյանը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը եւ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը հանրապետական էին: Հիմա ԿԳ նախարարը նորից դաշնակցական է, եւ Ալիկի համար դժվար է: Նա չի ուզում քաղաքանացվել եւ ուսանողներին եղբայրաբար խորհուրդ է տալիս չքաղաքանացվել:
Նա անձնվիրաբար աշխատում է ԵՊՀ-ում եւ ստանում 150-200.000 դրամ աշխատավարձ։ Նրան չեն պատկանում սուրճի ապարատներ եւ պատճենահանման կետեր ԵՊՀ տարածքում։ Նա գումարներ չի աշխատում քննությունների եւ մասնավորապես հեռակա ուսուցման ընդունելության քննությունների ժամանակ։ Այդ ամենը ստոր հերյուրանքներ են։ Նա կարողանում է գումար հետ գցել, ինչի շնորհիվ պաշտոնավարման դեռ առաջին տարում կառուցում է այս առանձնատունը։
Մի եղիր Ալիկի պես... Ուղղակի մի եղիր Ալիկի պես եւ վերջ։ Հավատա, պետք չի»:
Նշենք, որ դեռեւս 2013 թվականին մամուլում բաց նամակ է հրապարակվել ուղղված կրթության եւ գիտության այդ ժամանակվա նախարար Արմեն Աշոտյանին եւ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին: Նամակի հեղինակները նշել էին, որ Երեւանի պետական համալսարանի աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանը, ստանալով 150 000–200 000 դրամ աշխատավարձ, իր պաշտոնին նշանակվելուց հետո, մեկ տարվա ընթացքում շքեղ առանձնատուն է կառուցել Երեւանի Դավթաշեն թաղամասում եւ շքեղ ավտոմեքենա գնել` Mitsubishi մակնիշի: «Իսկ մեկ ամիս առաջ (խոսքը 2013 թվականի մասին է, հեղ.) նա գնել է արդեն երկրորդ ավտոմեքենան Prado մակնիշի` 10 MM 333 համարանիշով: Հարց է առաջանում, թե այդ երիտասարդը ի՞նչ գումարներով է նման մեքենաներ եւ առանձնատուն գնում»,- ասված էր բաց նամակում:




























