ԱՄՆ-ում Russia Today պետական հեռուստաընկերության՝ որպես օտարերկրյա գործակալի հաշվառումից հետո ռուսական պատասխան միջոցները կտարածվեն նաեւ սոցցանցերի վրա։ Այդ մասին հայտարարել է Պետդումայում «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավար Սերգեյ Նեւերովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Դումայի առաջին փոխխոսնակ Իվան Մելնիկովն, իր հերթին, «Ինտերֆաքսի» հետ զրույցում նկատել է, որ օտարերկրյա գործակալների մասին ռուսական օրենքը կընդլայնեն՝ լրատվամիջոցների մասին կետ ավելացնելով։
Թե ինչպես կհամալրվեն գործող օրենքի դրույթները, չի հստակեցվում, բայց Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն արդեն հայտարարել է, որ շտկումները կարվեն ամենասեղմ ժամկետներում՝ մեկ շաբաթվա ընթացքում
Ավելի վաղ Russia Today-ը հայտնել էր, որ մտադիր է կատարել ԱՄՆ Արդարադատության նախարարության պահանջները եւ մինչ նոյեմբերի 13-ը կհաշվառվի որպես օտարերկրյա գործակալ։ Ամերիկյան օրենքը մշակվել է նախ եւ առաջ օտարերկրյա լոբբիստական կազմակերպությունների համար, բայց դրանով հաշվառվել են նաեւ մի շարք լրատվամիջոցներ։


























