«Վեոլիա ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Կ. Լֆեն նոյեմբերի 8-ին Լոռու մարզային տեղամասի 19 աշխատակիցների նկատմամբ կիրառած խսիտ նկատողությունը անվավեր է ճանաչել:
Ընկերության գլխավոր տնօրեն Կ. Լֆեն անհատական որոշումներով աշխատակիցներին իրազեկել է իր որոշման մասին: Այն է՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հոկտեմբերի 27-ին արձակած հրամանը ճանաչել անվավեր:
Աշխատակիցները թեեւ ուրախ են, որ այն վերացված է, սակայն այսքանով իրենց պահանջները բավարարված չեն համարում: Նրանք շարունակում են պնդել, որ կրկին իրենց աշխատանքին վերադառնան նաեւ տեղամասի առեւտրային տնօրեն Հարություն Անտոնյանն ու ատեստավորմանը մասնակցած 5 աշխատակիցները, որոնց ընկերությունն ազատել է աշխատանքից:
Լոռու մարզային տեղամասի առեւտրային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Գագիկ Փիլիպոսյանն այսօր հանդիպել է տեղամասի աշխատակիցների հետ: Հանդիպումը, սակայն, բարեհաջող ավարտ չի ունեցել: Աշխատկիցների ու պաշտոնակատարի միջեւ առաջացած վիճաբանության ընթացքում վերջինս արագ հեռացել է տարածքից:
Աշխատակիցները պնդել են, որ շարունակելու են սատարել աշխատանքից ազատված իրենց գործընկերներին ու շարունակելու են իրենց պայքարը՝ մինչ արդարության վերականգնումը:
Աշխատակիցներն այսօր կայացած հանդիպման ու իրենց անփոփոխ տեսակետի մասին նամակ են հղել Կ. Լֆեին, շարունակելով պնդել, որ վերջինիս հետ կոլեկտիվի հադիպման խնդրանք-դիմումը շարունակում է մնալ ուժի մեջ:




























