«Առինջ մոլ» առեւտրի կենտրոնում նոյեմբերի 10-ին առեւտրականների եւ ՊԵԿ աշխատակիցների միջեւ վիճաբանությունն սկսվել է, երբ ՊԵԿ աշխատակիցները առեւտրականներից մեկից ՀԴՄ կտրոն են պահանջել եւ դրանք ստանալուց հետո հայտարարել, թե բոլոր կտրոնները չէ, որ իրենց ներկայացրել է: NEWS.am-ի հետ զրույցում առեւտրականներից Արմենը պատմեց, որ ՊԵԿ աշխատակիցները մտել են տաղավար եւ հայտարարել, որ առեւտրի կենտրոնի աշխատակիցը ստում է եւ կտրոնները չի ներկայացնում:
«Էդ կինը ներքնազգեստ է վաճառում, մտել էին մոտը, ՀԴՄ կտրոններն են պահանջել: Նա էլ ներկայացրել է, ասել է մեկ ժամ առաջ եմ վերջին ապրանքը վաճառել, ահա կտրոնը, բայց հարկայինից ասել էին, թե սուտ ա ասում, իրենք գիտեն, որ առեւտուր ա անում, բայց կտրոնը չի ներկայացնում: Տենց բորբոքվել էին, բարկացան, հավաքվեցին ակտիվիստներով հարկայինի աշխատակիցներին քշեցին, դուրս հանեցին հարկայինի աշխատակիցներին»,-պատմեց առեւտրականը:
«Առինջ մոլ» առեւտրի աշխատակիցները մեզ հետ զրույցում նաեւ պնդել էին, որ նոյեմբերի 10-ին, ՊԵԿ-ի աշխատակիցներից մեկն առեւտրականներից մեկին վրաերթի է ենթարկել: ՊԵԿ աշխատակիցները կրկին առեւտրի կենտրոն են գնացել, նրանք շրջել են տարբեր տաղավարներով եւ ստուգումներ իրականացրել: Առեւտրականները նրանց թույլ չեն տվել ստուգումներ իրականացնել եւ ՊԵԿ աշխատակիցներին ուժով հեռացրել են առեւտրի կենտրոնից: Այդ ժամանակ ՊԵԿ աշխատակիցներից մեկը շտապ նստել է մեքենան եւ ցանկացել է հեռանալ, այդ ժամանակ էլ վրաերթի է ենթարկել առեւտրականներից մեկին, որին հիվանդանոց են տեղափոխել:
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Առինջ մոլ»-ի առեւտրականները բողոքի ակցիա էին իրականացրել ԱԺ շենքի մոտ: Նրանք պահանջում են ազատել իրենց լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելուց, քանի որ դա լրացուցիչ ծախսեր է պահանջում իրենցից: Նրանք հայտարարել են, որ պատրաստ են վճարել հարկերը:
ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն էլ հայտարարել էր, որ չի կարելի խրախուսել մարդկանց, որոնք չեն ուզում հարկեր վճարել:




























