Վայոց ձորի Մալիշկա գյուղում հուլիսի 12-ին տեղի ունեցած եւ օրերս բացահայտված սպանության պատճառը, նախնական տվյալով, հայհոյանքն է եղել: NEWS.am-ի տեղեկություններով, 44-ամյա տղամարդը հարեւանին` Վազգեն Սարգսյանին սպանել, ապա կախել է, քանի որ վերջինը դեպքից օրեր առաջ հայհոյել էր իրեն:
Վարկած կա, որ սպանությանը մասնակից է նաեւ երրորդ անձ, որը Վազգեն Սարգսյանի ազգականն է: Ըստ Քննչական կոմիտեի` 2017 թվականի հուլիսի 12-ին ահազանգ էր ստացվել Մալիշկա գյուղում հայտնաբերվել էր Վազգեն Սարգսյան դին` տան նկուղի առաստաղին ամրացված մետաղյա կեռից կախված։ Հարուցված քրեական գործի շրջանակում նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձությունից, պարանոցի օրգանների սեղմման արդյունքում, իսկ պարանոցի վերին երրորդականի մագաղաթանման ճմլման ակոսն առաջացել է օղի ներգործությամբ եւ ունի հետմահու ծագում, այսինքն՝ Վ.Սարգսյանի մահը հետեւանք է նրա նկատմամբ կիրառված բռնության: Պարզվել է, որ դեպքի օրը Վ.Սարգսյանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է հարեւանի հետ, որն էլ քաշքշել ու հարվածել է նրան՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, որից հետո, օղի միջոցով խեղդելու եղանակով սպանել: Այնուհետեւ՝ սպանությունը քողարկելու նպատակով ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Վ.Սարգսյանի դիակը տեղափոխել է վերջինիս տան նկուղ, որտեղ մեկ այլ օղով կախել է նկուղի առաստաղին ամրացված մետաղյա կեռից՝ ինքնասպանության նմանակում ստեղծելու համար: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 44-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:



























