Սեպտեմբերին Հայաստանում ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների ընդհանուր գումարը կազմել է ավելի քան 146․8 մլն դոլար եւ տարեկան կտրվածքով աճել 13․5 մլն դոլարով կամ 9․2 տոկոսով։
Նշենք, որ այս աճն ապահովել են հիմնականում Ռուսաստանից դրամական փոխանցումները, որոնց գումարն աճել է 13,8 մլն դոլարով կամ 15,5 տոկոսով։ Ի դեպ աճը պայմանավորված է 2 գործոններով։ Առաջին՝ ՌԴ-ում դոլարի փոխարժեքը մեկ տարում նվազել է մոտ 11 տոկոսով։ Դա դրական ազդեցություն է ունեցել այդ արժույթով դրամանակն փոխանցումների ժամանակ ռուբլին դոլարի փոխարկելիս։ Երկրորդ՝ աճել է փոխանցումների նախնական գումարը։ Եթե դոլարը վերածենք ռուբլու, ապա 3 տոկոսով։
Սակայն այլ երկրների դեպքում պատկերը մի փոքր վատացել է։ Հիշեցնենք, որ անցյալ տարվա սեպտեմբերին դրամական փոխանցումների սալդոն, առանց Ռուսաստանի, դրական էր՝ 5,6 մլն դոլար։ Այս տարվա սեպտեմբերին այդ ցուցանիշը կազմել է -2․9 մլն դոլար։
Հայտնի է, որ մասնավոր դրամական փոխանցումներում մեծ մասը Հայաստանում տնային տնտեսություններին հասնող դրամական օգնությունն է։ Դա տիպիկ է Ռուսաստանից փոխանցումների համար։ Բացի այդ մուտքերից, գումարի փոխանցումներ կարող են իրականացվել նաեւ այլ նպատակներով։ Օրինակ՝ ապրանքների եւ ծառայությունների համար վճարելու։
Փոխանցումների նպատակի մասին կոնկրետ պաշտոնական տեղեկություններ մեզ մոտ չի հրապարակվում։ Բայց հասկանալի է, որ Հայաստանի դրամական փոխանցումներն առանձին երկրներ, ասենք, Չինաստան կամ Թուրքիա, մեծամասամբ իրականացվում են ապրանքների եւ ծառայությունների համար վճարելու նպատակով։ Հազվադեպ բացառություններով դրամական փոխանցումների հաշվեկշիռն այդ երկրների հետ Հայաստանում միշտ բացասական է։ Օրինակ՝ դեպի Չինաստան գումարի հոսքը 17 անգամ գերազանցել է մուտքը։
Սեպտեմբերն աչքի ընկավ ԱՄՆ-ից դրամական փոխանցումների սալդոյում փոփոխությամբ։ Փողի արտահոսքը 2,6 մլն դոլարով գերազանցեց ներհոսքը։ Սակայն հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի համար ԱՄՆ-ից սալդոն արդեն դրական է նախորդ ամիսների հաշվին։
Ստորեւ գրաֆիկում ներկայացված են մի շարք երկրներից գումարի ներհոսքն ու դեպի այդ երկրներ արտահոսքը։ Ներկայացված են միայն այն երկրները, որոնց բաժինն ընդհանուր արդյունքում գերազանցում է 2 տոկոսը։






























