ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հավատում է իր ռուսաստանցի գործընկեր Վլադիմիր Պուտինին, երբ նա հերքում է Մոսկվայի միջամտությունը ԱՄՆ նախագահական ընտրություններին։ Այս մասին Սպիտակ տան ղեկավարը լրագրողներին հայտարարել է նախագահական օդանավում, հայտնում է The Hill-ը։

«Ամեն անգամ, երբ ես նրան տեսնում եմ, նա ինձ ասում է՝ ես դա չեմ արել, եւ ես հավատում եմ, որ նա լուրջ է ասում»,- պատմել է Թրամփը՝ հավելելով, որ մտադիր չէ նախագահի հետ այդ թեմայով բանավիճել։ Ընդ որում, նա նշել է, որ Պուտինը շատ է վիրավորված այն ենթադրություններից, թե Մոսկվան կարող էր ազդել ԱՄՆ նախագահի ընտրությունների արդյունքի վրա։

«Նախագահ Պուտինը շատ համառորեն, կտրականապես հերքում է, որ կապ ունի դրա հետ։ Պետք է ոչ թե նրա հետ վեճի բռնվել այդ առթիվ, այլ սկսել խոսել Սիրիայի եւ ՈՒկրաինայի խնդիրներից»,- ասել է Թրամփը եւ հավելել, որ ռուսական միջամտության գործով հետաքննությունը «դեմոկրատների նախաձեռնությունն է» եւ ինքը դա վհուկների դեմ որս է որակում։