Նախկին ընկերուհու մերկ լուսանկարները համացանցում տեղադրելու սպառնալիքով նրանից գումար շորթելու մեղադրանքով վեց ամիս ազատազրկման դատապարտված Դավիթ Մեհրաբյանը պահանջում է արդարացում: Նա դիմել է Վերաքննիչ դատարան եւ պահանջում է ամբողջությամբ բեկանել եւ փոփոխել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, կայացնել նոր, գործն ըստ էության լուծող դատական ակտ`ճանաչելով եւ հռչակելով իր անմեղությունը: Կամ չարդարացնելու դեպքում Դավիթ Մեհրաբյանի նկատմամբ որպես պատիժ նշանակել տուգանք: Տուգանքի ձեւով պատիժ չնշանակելու դեպքում կիրառել ՀՀ քր.օր. 70 հոդվածը եւ ազատազրկման ձեւով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել:

NEWS.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ գործով հետազոտված  ապացույցներով, Դավիթ Մեհրաբյանն իր էլեկտրոնային հասցեից սպառնալիքներ պարունակող նամակներ է ուղարկել նախկին ընկերուհուն եւ պահանջել  գումար: Նա ուղարկել է հետեւյալ բնույթի նամակները.

« ...եթե էդքան վստահ ես, էլ չեմ ձգձգում, իսկ եթե փողինա վերաբերվում դու մի քանի օր առաջ կուղարկեիր ու նկարդ գցած չէր լինի...», «... էնօրվա սկտրչի նկարի նամյոկը չհասկացար, չհասկացար որ ազգականներիդ եմ անցնելու...», «... պոռնոներդ պատրաստվում եմ քցեմ աշխարի ամենամեծ պոռնո բազայի մեջ, էնտեղից իրան իրան ռասկրուտկայա եղնում...»:

Գործով տուժող Լ. Թ.-ն էլ դատաքննական ցուցմունքում պատմել է, որ Դավիթ Մեհրաբյանը եղել է իր ընկերը, նրա հետ ծանոթացել է համացանցով եւ շփվել Վանաձոր քաղաքում: Իրենց ընկերություն անելու ընթացքում Դավիթ Մեհրաբյանը մեկնել է Եվրոպա եւ վերադարձել, այնուհետեւ ինքն է գնացել, սակայն իրենց ընկերությունը շարունակվել է:

Իր ուսումը շարունակելու նպատակով կրթական ծրագրով 2014 թվականի սեպտեմբերի 2-ին ինքը մեկնել է Գերմանիա, որտեղ բնակվել է Բեռլին քաղաքում:

Այդ ընթացքում շարունակել է համացանցով եւ կապի այլ միջոցներով շփվել Դավիթ Մեհրաբյանի հետ: Ելնելով իրենց մտերիմ հարաբերություններից, ինքը պարբերաբար Money Gram դրամական փոխանցման համակարգով տարբեր չափերի գումարներ է ուղարկել Դավիթին, սակայն դա նրան նվեր չի արել: Նա ծրագիր էր գրում ու ասում էր, որ տված փողերը ետ է վերադարձնելու, սակայն մինչեւ հիմա չի վերադարձրել ու չի էլ ուզում վերադարձնել:

2015 թվականի ընթացքում Դավիթ Մեհրաբյանի խնդրանքով, հաշվի առնելով իրենց մտերիմ անձնական ինտիմ հարաբերությունները, ինքն իրեն մերկ վիճակում լուսանկարել է եւ լուսանկարն ուղարկել նրան: Իր Գերմանիայում գտնվելու ժամանակ Դավիթը իրեն չի վստահել եւ պարբերաբար նեղացրել ու հոգեբանորեն ճնշել է, թույլ չի տվել, որ իրեն վերաբերող հարցերի վերաբերյալ ինքը կայացնի որոշումներ, այլեւ պարտադրել է իր որոշումները:

Վերջին շրջանում իրենց հարաբերությունները կապված իր նկատմամբ նրա անվստահության հետ լարվել են: 2015 թվականի նոյեմբերին Դավիթ Մեհրաբյանն իրեն հայտնել է, որ ինքն այլ ընտրյալ ունի, որի հետ պետք է ամուսնանա, ինչից հետո ինքն այլեւս չի ցանկացել շփվել նրա հետ եւ դադարեցրել է նաեւ նրան գումարներ ուղարկելը, սակայն Դավիթը շարունակել է զանգահարել իրեն եւ գումար խնդրել, ինչը ինքը մերժել է: Մերժում ստանալուց հետո Դավիթ Մեհրաբյանը սպառնալով հրապարակել իր կողմից նրան ուղարկված իր մերկ լուսանկարը եւ իր անձնական կյանքին վերաբերող իրեն հայտնի այլ տեղեկություններ, սկսել է իրենից գումար պահանջել:

Սկզբում նա պահանջել է 200, ապա 500, իսկ հետո՝ 600 եվրո գումար: Չստանալով իր պահանջած գումարները, Դավիթ Մեհրաբյանը 2015 թվականի դեկտեմբերի 3-ին համացանցում` Facebook.com ինտերնետային կայքէջում իր անվամբ` Լուսինե Թեմրազյան անհատական տվյալներով, բացել է համացանցի էջ, որտեղ տեղադրել է իր մերկ լուսանկարը եւ այդ էջով կապ հաստատել իր եւ իր համացանցային ընկերների հետ` այդ կերպ հրապարակելով նշված լուսանկարը:

Այնուհետեւ Դավիթ Մեհրաբյանը բազմիցս կապ հաստատելով իր հետ, պահանջել է իրեն ուղարկել 600 եվրո գումարը` խոստանալով դրա դիմաց փակել մերկ լուսանկարով համացանցի էջը, իսկ գումարը չուղարկելու դեպքում նա սպառնացել լուսանկարը հրապարակել եւ հասանելի դարձնել ավելի շատ անձանց, այդ թվում իր ծնողներին: Ինքը նրան խոստացել է ուղարկել այդ գումարը, որից հետո Դավիթը փակել է այդ էջը, սակայն երբ որոշ ժամանակ անց խոստումը չի կատարել եւ գումարը չի ուղարկել, նա կրկին բացել է այդ էջը: 2015 թվականի դեկտեմբերի 4-ին, ինքը կատարվածի մասին հայտնել է Բեռլինի ոստիկանություն, սակայն նրանք ասել են, որ իրենք Դավիթ Մեհրաբյանի նկատմամբ կարող են քրեական հետապնդում սկսել, երբ նա մտնի Գերմանիայի տարածք, որից հետո ինքը դիմել է Գերմանիայում Հայաստանի դեսպանատուն:

Իսկ այն բանից հետո, երբ ինքը սկսել է չպատասխանել Դավիթ Մեհրաբյանի հեռախոսազանգերին, նա սկսել է սպառնալիքներով էլեկտրոնային նամակներ ուղարկել իրեն` սպառնալով նաեւ՝ վնասել Հայաստանում բնակվող իր քրոջը` Մարիամ Թեմրազյանին: Բացի այդ նույն ժամանակահատվածում Դավիթ Մեհրաբյանը բազմիցս մուտք է գործել եւ օգտագործել իր էլեկտրոնային փոստարկղը, համացանցի պրոֆիլը եւ դրանց ծածկագրերը փոփոխելով, արգելափակել է իր մուտքը եւ ինքը Դավիթ Մեհրաբյանի սպառնալիքները եւ հակաօրինական արարքները դադարեցնելու համար 2015 թվականի դեկտեմբերի 12-ին Money Gram դրամական փոխանցման համակարգով նրան ուղարկել է 600 եվրո գումար եւ Viber բջջային հավելվածով ուղակել նաեւ գումարն ստանալու համար համապատասխան ծածկագիրը:

Դավիթ Բագրատի Մեհրաբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր նախկին ընկերուհուն արատավորող բնույթի մերկ լուսանկար եւ անձնական կյանքին վերաբերող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով 2015 թվականի դեկտեմբեր ամսվա սկզբին նրանից պահանջել է 600 Եվրո գումար, վերջինի կողմից նշված պահանջը չկատարելուց հետո Facebook.com ինտերնետային կայքում բացել է համացանցի էջ, որտեղ տեղադրել է նրա մերկ լուսանկարը եւ այն ավելի լայն շրջանակի անձանց հրապարակելու սպառնալիքով պահանջել եւ ստացել է՝ շորթել է 307.068 ՀՀ դրամին համարժեք 600 Եվրո:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 182-րդ հոդվածի 1-ին մասով՝ Շորթումը: