Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի է ունեցել 2018 թ. Հայաստանում անցկացվելիք 3 խոշոր միջոցառումների՝ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի, Հայաստանի Հանրապետության եւ մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի եւ Երեւանի հիմնադրման 2800-ամյակի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ խորհրդակցություն: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին, NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մանրամասներ է ներկայացրել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի նախապատրաստման եւ անցկացման վերաբերյալ: Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկայացրել է մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակի շրջանակում նախատեսվող միջոցառումները եւ նախապատրաստական աշխատանքների ընթացքը: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանն էլ, իր հերթին, զեկուցել է ՀՀ եւ մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ: Քննարկվել են տարբեր կազմակերպչական հարցեր եւ առաջարկություններ: Վարչապետը, ընդգծելով 2018 թ. մեր երկրում անցկացվելիք այս երեք խոշոր միջոցառումների կարեւորությունը, շեշտել է, որ դրանք պետք է կազմակերպվեն բարձր մակարդակով եւ հավուր պատշաճի: Անդրադառնալով Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչություններին լինել ակտիվ եւ պատասխանատու թե´ կոնկրետ ոլորտային, թե´ ընդհանուր կազմակերպչական աշխատանքների մասով: «Յուրաքանչյուրն իր տեղում պետք է հնարավորինս ներգրավված լինի կազմակերպչական բոլոր գործընթացներում, եւ համապատասխան աշխատանքային խմբերը պետք է կանոնավոր, առարկայական եւ համակարգված աշխատեն այդ ուղղությամբ», – նշել է կառավարության ղեկավարը: Վարչապետը հանձնարարել է մեկշաբաթյա ժամկետում ամփոփել բոլոր 3 միջոցառումների վերաբերյալ առաջարկությունները, հստակեցնել նախատեսվող միջոցառումները եւ ներկայացնել կոնկրետ ծրագրեր:




























