ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամերիկյան ընկերություններին զգուշացրել է,  որ Ռուսաստանում նրանց տեղը կարող են զբաղեցնել մրցակիցները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Դանանգում Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական  համագործակցության գագաթնաժողովի ավարտին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նա ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ Պետերբուրգի տնտեսական ֆորումում այս տարի մեծաթիվ ամերկյան ընկերություններ են ներկայացված եղել։

«Բոլորն ուզում են աշխատել Ռուսաստանում։ Վերցրեցին ու արգելեցին Արկտիկայում Exxon Mobil-ի աշխատանքը։  Ուղղակի զրկեցին հետաքրքիր հեռանկարային աշխատանքից, որը կմեծացներ ԱՄՆ տնտեսական  հզորությունը, կստեղծեր լրացուցիչ աշխատատեղեր ԱՄՆ-ում՝ բերելով շահույթ, հարկեր եւ այլն»,- ասել է Պուտինը։

«Դա միայն մեկ օրինակ  է։ Իսկ հաշվի առնելով ֆինանսավորման ոլորտում սահմանափակումները՝ կան բազմաթիվ այլ օրինակներ։ Ձեր տեղը կզբաղեցնեն մրցակիցները։ Դա անխուսափելի է ժամանակակից աշխարհում»,- ընդգծել է նա։