Ռուսաստան ժամանող արտասահմանցիների համար դակտիլոսկոպիան անհրաժեշտ է մտցնել երկկողմանի հիմքով: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահին առընթեր Մարդու իրավունքների խորհրդի ղեկավար Միխայիլ Ֆեդոտովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նրա խոսքով՝ այս ընթացակարգը պետք է պարտադիր լինի այն երկրների քաղաքացիների համար, որտեղ այն պարտավոր են անցնել նաեւ ռուսաստանցիները:

«Հոյակապ գաղափար է, եթե միայն երկկողմանի հիմքով լինի: Երկկողմանի հիմքով սա հնարավոր է, բայց միակողմանի՝ ոչ: Այսինքն՝ այս ընթացակարգի իրականացումը կարող է պարտադիր լինել այն երկրների քաղաքացիների համար, որտեղ Ռուսաստանի քաղաքացիները նույնպես պարտավոր են դակտիլոսկոպիա անցնել»,- ասել է Ֆեդոտովը:

Նա հավելել է, թե հարկ է հիշել, որ սրա համար անհրաժեշտ է բոլոր ռուսական հյուպատոսարանները դակտիլոսկոպիայի սարքերով հագեցնել, «իսկ համապատասխան դրամական միջոցները հարկ է նախատեսել բյուջեում»:

Ավելի վաղ Ռուսաստանի ՆԳՆ-ն հանդես էր եկել նախաձեռնությամբ, որի համաձայն՝ Ռուսաստանի տարածք ժամանող բոլոր արտասահմանցիներից պետք է մատնահետքեր վերցվեն:

Երկրների թվում, որոնց քաղաքացիները կարող են Ռուսաստան ժամանել առանց վիզայի, Հայաստանը, Ադրբեջանը, Աբխազիան, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը եւ այլ երկրներ են: