Մենք պատրաստ ենք անել հնարավորը, որ որեւէ օլիգարխի, պաշտոնյայի որդի չխուսափի ծառայությունից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ-ական փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Վերջինս սրտնեղել է, որ իրեն խառնել են բանակից խուսափած պաշտոնյաների «աջափ-սանդալի» մեջ: Շարմազանովը եւս մեկ անգամ հիշեցել է, որ ինքը ծառայությունից ազատվել է օրենքով սահմանված կարգով՝ առողջական խնդրի պատճառով:

«Իմ անունն է դուրս եկել, ինձ էդ աջափ-սանդալի մեջ խառնել են,  ես ասել եմ՝ երբ որ 14 տարեկան եմ եղել, զինկոմիսարիատ են կանչել, ներկայացել եմ մինչեւ 27 տարեկանս, բոլոր կանչերին ներկայացել եմ, հենց 27 տարիս լրացել է, զինգրքույկը տվել են  ձեռքս, բայց ասում են՝ Շարմազանովը խուսափել է: Իմ որդին ինը տարեկան է, ես խոստնում  եմ՝ պաշտոնի կլինեմ, թե չէ,  ես ու իմ կինը զուռնա դհոլով իրեն կուղարկենք բանակ: Եթե Երեւանում կմնա, մենք էլի կուղարկենք….»,-ասել է Շարմազանովը:

Նա հավաստիացրել է, թե իշխանությունը կամք ունի այնպիսի փոփոխություններ իրականացնել, որ օլիգարխների եւ պաշտոնյաների որդիները բանակ զորակոչվեն, արտոնյալներ չլինեն: Սա պնդել է հիմնվելով «Զինվորական ծառայության եւ զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի վրա, մինչդեռ այս փոփոխությամբ միայն  ուսման  տարկետման իրավունքն է վերանում, իսկ իր նշած արտոնյալները կարող են ազատվել այս նույն օրենքում առկա մի շարք սողանցքներով: Առավել եւս, որ իր նշած արտոնյալները միասյն ուսման տարկետման հիմքով չեն  ազատվել ծառայությունից:

«ՄԵնք ամեն ինչ պետք է անենք, որ  որեւէ արտոնյալ չլինի, այստեղ թե պետական մարմինները, թե լրատվամիջոցները պետք է աշխատեն: Մենք պատրաստ ենք անել հնարավորը, որ որեւէ օլիգարխի, պաշտոնյայի որդի չխուսափի, միշտ ասել եմ՝ բանակում չծառայելը եւ բանակից խուսափելը տարբեր բաներ են: Եկեք  չնույնացնենք, ընդդիմության մեջ էլ կան մարդիկ, որոնք որ օրենքով ազատվել են: Խուսափելն այն է, որ մարդը իր երեխային փախցնում է, ասում է՝ երեխան սրտի արատ ունի ու թողնում գնում է: Ծառայությունը միայն առաջնագիծը չէ:  Եթե մարդը լավ ֆիզիկոս է, անգրագիտություն ու ռեսուրսի  վատնում է, որ նրան տանենք առաջնագիծ: Էդ երեխան պիտի գնա նախարաությունում ծրագիր մշակի»: